Վարձակալական բիզնեսը հարկելու ՊԵԿ-ի նախաձեռնությունը կարող է պասիվացնել անշարժ գույքի շուկան

Պետական եկամուտների կոմիտեի` վարձակալական բիզնեսը հարկելու նախաձեռնությունը խնդրահարույց է հենց օրենսդրական կարգավորումների, տուգանքների և բարձր հարկերի պատճառով: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Վարձակալական շուկայում վերջին երկու տարվա ընթացքում զգալի ակտիվության ֆոնին, որը հիմնականում պայմանավորված է զբոսաշրջության ծավալների ավելացմամբ և ռուսաստանցիների ներհոսքով, կառավարությունը որոշեց խստացնել հարկային վարչարարությունը` վարձակալությունից ստացած եկամտից հարկեր գանձելու նպատակով: Իսկ հարկային պարտավորություններից խուսափողների համար սահմանվել է տուգանք:

«Ակցեռն» հոլդինգի նախագահը խնդրահարույց է համարում այդ օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժ մեջ են մտել 2023-ի դեկտեմբերի 1-ից, համաձան որի՝ վարձակալությունից ստացված եկամատահարկը սահմանվում է 10%:

«Կառավարությունը բիզնեսի հետ խոսակցությունը տեղափոխում է վախ բռնելու, ուլտիմատումների և աստղաբաշխական տուգանքների դաշտ: Եթե ուզում են վարձակալական բիզնեսը հարկվի, ապա պետք է 10%-ը դարձնեն 5%, պետական կադաստրային ձևակերպման ծախսերը, տուքերը նվազեցնեն հատկապես կարճաժամկետների համար: Մարդը 200 դոլարով վարձով է տալիս բնակարանը, միայն 150 դոլար ձևակերպման ծախսերն են նստում»,- նշում է Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այս հարցերի կարգավորումն օրենսդրական նոր լուծումներ է պահանջում: Բացի այդ, երբ վարձակալության ժամկետն ավարտվում է, պայմանագիրը չեղարկված չի համարվում, որը Բաղդասարյանի կարծիքով, դժվարություններ է ստեղծում:

«Պատկերացրեք վարձակալը հեռացել է Հայաստանից, Ամերիկայում է: Նրան պետք է գտնես, որ չեղաչկես: Կամ էլ դատական կարգով պետք է իրավունքները վերականգնես, որը կարող է տևել ամիսներ: Սա խնդիր է»,- նշում է նա:

Բաղդասարյանը նաև առաջարկում է «մոտիվացիա դնել» բնակարանները վարձով տվողենրի համար, որպեսզի նրանք կամավոր գնան և գրանցվեն ՊԵԿ-ի համակարգում․ «Բիզնեսին պետք է առաջարկել երաշխիքներ, կոմֆորտ»,- մատնանշում է Բաղդասարյանն ու հավելում, որ եթե ոչինչ չեն տալիս ու միայն պահանջում են, դրա հետևանքով կարող է թուլանալ վարձակալական բիզնեսը:

«Օրինակ, եթե ԱՄՆ-ում բնակվող հայը, որը ցանկանում էր Հայաստանում բնակարան ձեռք բերել, վարձով տալ` ունենալով դիվերսիֆիկացիա, իմանալով այդ օրենսդրական խստացումների մասին` կարող է հրաժարվել այդ մտքից»,- կարծում է «Ակցեռն» հոլդինգի նախագահը:

Նրա կանխատեսումները անշարժ գույքի ոլորտի համար լավատեսական չեն․ «Օրենսդրական խստացումները, ավոտակայանատեղիների, թույլտվությունների թանկացումը և այլն… դրանք բոլորը գումարվում են իրար` բերելով ոլորտի պասիվացման: Ամեն գերատեսչություն իր ներդրումն է ունենում այդ գործում, և ոչ մի պատասխանատվություն չկա շուկայի պասիվացման համար»,- եզրափակեց Հակոբ Բաղդասարյանը: