Եվ այսպես, արդեն կայացած փաստ է, որ Սունդուկյանի անվան ակադեմիական ու «Գոյ» թատրոնները միավորվել են։ Այդ մասին հունվարի 18-ին հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։ Ի՞նչ է նշանակում միավորվել։ Ամենուր՝ տիեզերական օրենքներից մինչև քաղաքականություն, ժողովրդագրությունից մինչև մշակույթ, կա մի ընդհանուր կանոն․ մեծը կուլ է տալիս փոքրին։ Ու թեև համապատասխան գերատեսչության ղեկավարները հավաստիացնում են, որ պահպանվելու են «գոյականների» բոլոր հաստիքները, միևնույն է, այդ թատրոնի ի չիք լինելը միայն ժամանակի հարց է․ վկան՝ Կամերային երաժշտական թատրոնը, որը նույնպիսի հավաստիացումներով միացվեց Պարոնյանին և հիմա ոչ ևս է։
Ամիսներ շարունակ «Գոյ» թատրոնի արտիստները հասարակության աջակցությունն էին հայցում ու ակնկալում, որն այդպես էլ չստացան։ Նախարարությունն էլ, ասես, սպասում էր հանրության արձագանքին, որպեսզի ըստ այդմ կողմնորոշվի։ Իսկ հասարակությունն իր լռությամբ պարզապես ասաց․ արեք՝ ինչ ուզում եք։ Ինչո՞ւ։
Դժվար է թատրոնի փակման դեմ հանրային դժգոհություն ստանալ մի երկրում, որտեղ ամեն վայրկյան պատերազմի վերսկսման վտանգ կա։ Անհնար է թատրոնի կորստով համակել մտավորական խավին, որը դեռևս խորը հիասթափության մեջ հազարավոր մարդկային ու հայրենիքի կորստի պատճառների փնտրտուքի մեջ է։ Եվ վերջապես, «Գոյ» թատրոնը չունի հանրային այն ճանաչումն ու ընկալումը, որը բողոքի մեծ ալիք կառաջացներ մարդկանց մեջ։ Թատրոնն ունի իր հանդիսատեսը, բայց պատկերավոր ասած՝ չունի ոչ վաստակավորի, ոչ էլ առավել ևս՝ ժողովրդականի կոչում։
1988-ին ձևավորված փորձարարական երիտասարդական թատերախումբը Խորեն Աբրահամյանի բարի կամքի շնորհիվ հանգրվանում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տանիքի տակ։ Տանիքի տակը հասկանանք նաև բառի բուն իմաստով։ Թատերախմբի հիմնադիր Արմեն Մազմանյանը անդուլ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում սեփական շենքն ու տանիքը պետությունից ստանալու համար։ 2010 թվականին թատրոնը պետականի կարգավիճակ է ստանում։ Ինչո՞ւ էր այդ կարգավիճակը անհրաժեշտ, և ինչի՞ շնորհիվ խումբն ի վերջո ստացավ պետականի կոչում։ Ոչ այդ տարիներին, ոչ նույնիսկ հիմա գրեթե անհնար է պահել խաղացանկային թատրոն՝ առանց պետական միջոցների կամ մասնավորի մշտական հովանավորության։ Քանի որ մեր երկրում երկրորդը բացառվում է, մնում է ապավինել միայն առաջինին։
Այդ իմաստով Նարեկ Դուրյանի ղեկավարած «Բոհեմ» թատրոնը մայրաքաղաքի, գուցե նաև՝ հանրապետության միակ խաղացանկային թատրոնն է, որ կանոնավոր գործում է առանց պետականի կարգավիճակի։
«Գոյ» թատրոնը ձևավորվեց որպես հայ ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «երգ ցցոցի ու պարոցի» հիմքով թատրոն լաբորատորիա։ Վերջին այս նախադասությունը վերցված է հենց թատրոնի կայքէջի «Պատմություն» բաժնից։ Բայց թատրոնը արագ հրաժարվեց այս փոքր-ինչ անհասկանալի նպատակից, և դա սխալ որոշում չէր։
«Գոյի» հիմնական դերակատարությունն ու առանձնահատկությունը աբսուրդի թատրոնի հետ հայ հանդիսատեսին ծանոթացնելն էր։ Իննսունականներին, երբ իրար հետևից «Գոյ» թատրոնի բեմ էին բարձրանում Իոնեսկոյի, Բեքեթի, Պիրանդելոյի ու Գելդերոդի պիեսները, իրենց ստեղծման երկրում դրանք արդեն իսկ կորցրել էին գերժամանակակից լինելու կարևորությունը։ Այն, ինչ մեր երկրում ներկայացվում էր որպես Եվրոպայում իշխող ուղղություն, այնտեղ արդեն միայն իներցիայի ուժով էր պահպանվում։ Այդուհանդերձ, չափազանց կարևոր էր հայ մտավորականության և աբսուրդի թատրոնի հանդիպումը։ Չկար ներկայիս թարգմանական բումը, փոքրաթիվ էին մարդիկ, որոնք բնագրով կարդում էին այդ հեղինակներին, և ընթերցողը կամ հանդիսատեսը նոր ու հետաքրքիր մտածողություն ու գեղագիտություն էր բացահայտում։ Ինձ և, կարծում եմ շատերի համար, «Գոյ» թատրոնը ասոցացվում է առաջին հերթին այս առաքելության հետ։
Այսքանով հանդերձ, թատրոնը պետականի կարգավիճակ չէր ստանա, եթե չլինեին նրա հիմնադիր Արմեն Մազմանյանի ու իշխանության անկնճիռ ու ջերմ հարաբերությունները։ Սակայն պետական կարգավիճակ ստանալուց առաջ և հետո արդեն իսկ սկսվել էին թատորնի գեղագիտական խարխափումներն ու տարտեղումները։ Առաջատար դերասաններն ու բեմադրիչները հեռանում էին, վերադառնում կամ դառնում այլ թատրոնների ղեկավարներ, դերասանախմբի անդամներ։ Այդ տրոհումը վաղուց էր սկսվել։ Սունդուկյանի թատրոնից հեռացել էին նրա երեք հիմնասյուները՝ Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանն ու Խորեն Աբրահամյանը։ «Գոյը» չէր կարող անմասն մնալ այդ գործընթացներից։
Ինչո՞ւ է, սակայն, հիմա անհրաժեշտություն առաջացել թատրոնի ճակատագիրը կտրուկ փոխելու որոշում կայացնել։ Թատրոնի մարդիկ բացահայտ հայտարարում են, որ այն կապված է «Իրական առասպել- Գարեգին Նժդեհ» ներկայացման բեմադրության հետ, որը չի համընկնում իշխանությունների վարած քաղաքականության և Գարեգին Նժդեհի նկատմամբ վերաբերմունքի հետ։ Դժվար է դրան հավատալ, թեև մեր երկրում ամեն ինչ հնարավոր է։ Նույնքան իրատեսական է թվում, որ «Գոյի» գլխին ամպեր կուտակվեցին թատրոնի բեմադրիչ, ըստ էության՝ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի՝ իշանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածքի հետևանքով։ Սա թեև նույնքան բացահայտ չի հայտարարվում, բայց ակնարկվում է, և սա էլ կարող է հիմնազուրկ չլինել։
Այո՛, թեև չեղավ կամ դեռ չի եղել թատրոնի ճակատագրի տնօրինման այս եղանակի դեմ գոնե մտավորական խավի բողոք, բայց այնպես էլ չէ, որ կատարյալ լռություն է տիրում այս հարցի շուրջ․ Վարդան Պետրոսյանը, Ժիրայր Դադասյանը, էլի մարդիկ հանդես եկան թատրոնի իրավունքների պաշտպանությամբ, թատերական կյանքում «Գոյի» ունեցած դերակատարության և ապագայի առաքելության վստահությամբ։
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ են մտածում Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի միավորման մասին սունդուկյանցիները։ Եթե ոչ տնօրինության, գոնե դերասանների, բեմադրիչների վերաբերմունքը կնճռին հետաքրքիր կլիներ իմանալ։
Հիմնավորումները, թե «Գոյը», պետական միջոցներ ստանալով, քիչ թվով նոր բեմադրություններ է իրականացրել, հիմնազուրկ են ոչ միայն այն պատճառով, որ վերջին շրջանում ավելի շատ ներկայացումներ են բեմադրվել ու սպասվում են նոր առաջնախաղեր։ Որպես բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն՝ կարող էր պետական ֆինանսավորում ստանալ առանց նույնիսկ մեկ ներկայացում բեմ հանելու, եթե միայն կարողանար դառնալ նոր գեղագիտական որոնումների, թատերական նոր արտահայտչամիջոցների շրջանառման, մնացած թատրոնների՝ որպես ԵԹԿՊԻ-ի այլընտրանք, որակյալ կադրերի սնուցման դարբնոց։
Եթե դա չկա, ուրեմն կարող են գոյության ընթացքում «Գոյի» բեմադրած ներկայացումների զուտ քանակը վկայաբերել։ Բայց նման մտածողության պարագայում մի օր մի պետական ֆինանսիստ, վարչարար կարող է առավոտյան արթնանալ ու հաշվարկել, որ օրացուցային տարում Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմը ավելի շատ ստենդափերների, երգիչների, ի վերջո՝ նախկին քաղաքապետ դերասանին է վարձակալման տրվել, քան սեփական ներկայացումներին հանդիսատես հրավիրել, և եզրակացնի, որ այն պիտի միավորվի ինչ-որ մեկի հետ կամ պետական միջոցներ ստանա միայն առանձին նախագծերի համար։