Իսրայելի ավիահարվածի հետևանքով Սիրիայում մահացել է իրանցի հինգ զինվորական

Հունվարի 20-ին Իսրայելի ավիահարվածի հետևանքով Սիրիայում մահացել է իրանցի հինգ զինվորական, հայտարարում է իրանական IRNA գործակալությունը։

Ըստ իրանական կողմի՝ իսրայելական ուժերը հարվածել են Դամասկոսի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքի արևմտյան շրջանի լավ պահպանվող բնակելի թաղամասերից մեկը, որի հետևանքով մահացել են սիրիացի և Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինվորականներ։ Ըստ Թեհրանի՝ նրանք Սիրիայում էին որպես խորհրդականներ և պաշտպանում էին մի շարք սրբատեղիներ։

Միջադեպի կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեհրանը խոստանում է անպատասխան չթողնել Իսրայելի գործողությունները։

Օրերս Իրանն ավիահարվածներ էր հասցրել Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ, որի շրջանակում թիրախավորել էր Էրբիլ քաղաքում գտնվող իսրայելական հատուկ ծառայության՝ Մոսադի շտաբերից մեկը։