Փաշինյանի հայտարարությունից հետո նախարարությունը փոխում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը

Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հրապարկվել է որոշման նախագիծը։

Այս որոշումը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրով 5-6-րդ դասարաններում ներկայացվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ հանրակրթության պետական չափորոշիչը որպես պարտադիր առարկա սահմանում է «Հայոց պատմություն»-ը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ որոշմամբ կվերանան անհամապատասխանությունները։

Ավելի վաղ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ինքն իրեն մեղադրել էր, որ «Հայոց պատմության» ու «Հայաստանի պատմության» միջև առկա նրբությունը չէր նկատել։