Աբխազիայի ազգային պատկերասրահի հավաքածուն, որը բաղկացած է արվեստի շուրջ 4 000 գործից, լրջորեն տուժել է հրդեհից, որը շաբաթ երեկոյան ավերել է պատկերասրահի շենքը՝ ամբողջությամբ ոչնչացնելով արվեստի բազմաթիվ գործեր:
Պատկերասրահի տնօրեն Սուրամ Սաքանիան կիրակի հայտարարել է, որ 1930-ականներին թվագրվող հավաքածուի մեծ մասը կա՛մ ամբողջությամբ ավերվել է, կա՛մ վերականգնման կարիք կունենա։
«Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի, Վարվառա Բուբնովայի, Եվգենի Կոտլյարովի և Օլգա Բրենդելի երեք հարյուրից ավելի գործեր են ոչնչացվել։ Ոչնչացվել են նաև շատ այլ կտավներ։ Մենք դրանք պահել էինք 70 տարի»,- ասել է Սաքանիան։
Աբխազիայի մշակույթի նախարար Դինարա Սմիրը երկուշաբթի հայտարարել է, որ հրդեհից փրկվել է աբխազ նկարիչների մոտ 200 կտավ, այդ թվում՝ Վիկտոր Շեգլովի, Խուտա Ավիձբայի, Սերգեյ Սանգալովի, Սերգեյ Գաբելիայի և Վիսարիոն Ցվիջբայի գործերը։
Սմիրը նաև հայտարարել է, որ Շերվաշիձե-Չաչբայի գործերից որևէ մեկը չի փրկվել հրդեհից։
Փրկված նկարները ժամանակավորապես տեղափոխվել են Ազգային գրադարան, որտեղ սպասում են վերականգնման աշխատանքներին։
Հրդեհն սկսվել է կիրակի առավոտյան ժամը 03:30-ի սահմաններում: Մինչ հրշեջները մարել են կրակը, հրդեհն արդեն ոչնչացրել էր պատկերասրահի երկրորդ հարկը և նույն շենքում գտնվող բանկը։
Թեև շենքի առաջին հարկը հրդեհից չի տուժել, այնտեղ եղած արվեստի գործերից շատերը լրջորեն վնասվել են ջրից, որն օգտագործվել է հրդեհը մարելու համար։
Գլխավոր դատախազությունը դեռ պարզում է հրդեհի պատճառները։
Ազգային պատկերասրահի Կենտրոնական ցուցասրահի տնօրեն Էլվիրա Արսալիան հայտարարել է, որ արվեստի գործերի կորուստը և շենքին հասցված վնասը «դժբախտություն է և ողբերգություն, որ կիսում են բոլորը»:
«Իրավիճակը սարսափելի է, ճնշող, պատկերասրահի հավաքածուն կորսվել է, լուրջ վնաս է հասցվել ճարտարապետական հուշարձանին»,- ասել է նա։
«Լավատեսությանը քիչ տեղ կա, սակայն բոլորս պետք է դասեր քաղենք, հավաքենք բոլոր կտորները, այն ամենը, ինչ պահպանվել է, փնտրենք, համալրենք հավաքածուն և առաջ գնանք, այլ ճանապարհ չկա պատկերասրահի, երկրի, պետության համար»,- հավելել է նա: