Չեխիայում ու Ղրղզստանում Հայաստանը ռազմական կցորդներ կունենա, համապատասխան որոշման նախագծերը ներառված են կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում։
«Ռազմական կցորդի առկայությունը Ղրղրզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղրզական հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։
Ռազմական կցորդը հյուրընկալ պետությունում կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ:
Չեխիայում ռազմական կցորդը, ըստ որոշման հիմնավորման, գործելու է 2019-ին Հայաստանի ու Չեխիայի միջև ստորագրված համաձայնագրին համահունչ. «Նշված համաձայնագրով նախատեսվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման, այդ թվում՝ մատակարարման և ձեռքբերման, ինչպես նաև մշակման ու արտադրության հետ: Երկու երկրները, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան աջակցություն են ցուցաբերում ռազմատեխնիկական բնագավառում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցությանը ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, շահագործման, նորոգման, արդիականացման և տեխնիկական սպասարկման ուղղություններով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունը նախատեսում է, որ Չեխայում ՀՀ ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիքի հետ։
Civilnet











