Թաթա Շոշիաշվիլի, Շոթա Կինչա, OC Media
Վրաստանի նախագահի և երկու առաջատար հեռուստաընկերությունների կայքերը ժամանակավորապես անհասանելի են դարձել՝ ռուս հաքերների կողմից հավանական կիբերհարձակման արդյունքում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքն ուրբաթ առավոտյան անհասանելի էր։ Տեղական լրատվամիջոցները հայտնեցին, որ կայքում սկզբում ցուցադրվել է հաղորդագրություն, ըստ որի հարձակումը վերագրվել է ռուսական հաքերային ցանցի: Կայքի էկրանապատկերները սև ֆոնի վրա՝ կանաչ գանգի պատկերով ցույց են տվել «HACKED BY COZY BEAR SLAVA [glory to] RUSSIA» (թարգմ․ «Կոտրված է COZY BEAR-ի կողմից, փառք Ռուասատանին») հաղորդագրությունը:
Cozy Bear-ը հաքերային խումբ է, որին արևմտյան հետախուզական ծառայությունները մեղադրում են ռուսական անվտանգության ծառայությունների հետ կապ ունենալու մեջ: Խմբավորմանը վերագրվել են մի քանի աղմկահարույց, այդ թվում՝ ԱՄՆ պետական կառույցների վրա հարձակումներ:
Նախագահի կայքի վրա ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումը Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն չորրորդ թիրախն էր։ Երկու խոշոր հեռուստաալիքների՝ Formula-ի և Mtavari Arkhi-ի կայքերը վերջին շաբաթվա ընթացքում ևս հարձակման էին ենթարկվել։
Ուրբաթ վաղ առավոտյան Formula-ն հայտնել էր, որ իրենց կայքը կիբերհարձակման պատճառով հասանելի չէ։ Formula-ի թվային բաժնի ղեկավար Մարիամ Բաջելիձեն հայտնել էր, որ հարձակումը սկսվել է լուսադեմին։
«Դա հարձակման փորձ էր, որը գալիս էր մի քանի երկրներից»,- ասել է նա:
«Կայք մուտք գործած օգտատերերին տեղեկացրել են, որ կայքը կոտրել է ռուսական արջը, և այնտեղ գրված է եղել «Փառք Ռուսաստանին»։ Ըստ Բաջելիձեի՝ հարձակումը, ամենայն հավանականությամբ, «քննադատական, ընդդիմադիր կայքերը կոտրելու փորձ էր»:
Հինգշաբթի Mtavari Arkhi հեռուստաալիքը հաղորդել էր, որ կորցրել են հասանելիությունն իրենց տվյալների բազայի մի մասին, և կայքը մի քանի ժամ ցույց էր տալիս «hacked by NIGGERS» (թարգմ․ «Կոտրվել է NIGGERS-ի կողմից») հաղորդագությունը: Երեքշաբթի օրը SovLab-ը, որի նպատակը «խորհրդային տոտալիտար անցյալի վերլուծությունն ու ուսումնասիրությունն է», նշել էր, որ իրենք «Ռուսաստանի կողմից համակարգված հարձակման» թիրախ են դարձել:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում հարձակումների ինտենսիվությունը, հատկապես Ռուսաստանի կողմից, երկրաչափական աճ է գրանցել»,- հայտարարել է կազմակերպությունը։
Ուրբաթ կեսօրին բոլոր չորս կայքերը վերադարձել էին բնականոն աշխատանքի։ Կիբերանվտանգության փորձագետ Անդրո Գոցիրիձեն Formula-ին ասել է, որ կայքերի կոտրումը կարող է «ռուսական ագրեսիայի» ձև լինել:
«Երբ Վրաստանի ընդհանուր և կարևոր ենթակառուցվածքների վրա կիբերհարձակում է իրականացվում, դժվար է չմտածել Ռուսաստանի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ ամեն դեպքում քիչ ապացույցներ են ի հայտ եկել: Նախորդ կիբերհարձակումները, այդ թվում՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ լայնածավալ հարձակումները, որոնք, ամենայն հավանականությամբ, գալիս էին Ռուսաստանից, ուղղված էին նաև Վրաստանի պետական կառույցներին և լրատվամիջոցներին:
2019-ի հոկտեմբերին Վրաստանում մոտավորապես 15 000 կայք, ներառյալ խոշոր պետական հաստատությունների, հեռարձակողների, առցանց թերթերի և մասնավոր բիզնեսների կայքերը, ենթարկվել էին լայնածավալ կիբերհարձակման: Նախագահի գրասենյակը դեռ պետք է հրապարակայնորեն հաղորդի վերջին հաքերային հարձակման մասին և դեռ մեկնաբանություն չի տվել։