Հունվարի 18-ին Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի նոր սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Նա, մասնավորապես, նշեց․ «Մենք պետք է ունենանք սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։ Փաշինյան ընդգծեց նաև, որ խոսքը կառավարման մոդելի փոփոխության մասին չէ։
Այս մասին գրել էի դեռ մեկ ամիս առաջ։ Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 6-ին հայտարարեց՝ Բաքուն Երևանից երաշխիքներ է ակնկալում, որ հայկական ռևանշիզմը ապագայում գլուխ չի բարձրացնելու, նա ամենայն հավանականությամբ նկատի ուներ Հայաստանի Հանրապետության հիմքում դրված նորմատիվ իրավական հենքի փոփոխության անհրաժեշտությունը։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության նախաբանի մասին է, որը հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որում էլ իր հերթին հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը։ Այդ առումով Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ հղում չլինի Անկախության հռչակագրին։
Այն, որ Ադրբեջանը այդպիսի պահանջ է ներկայացրել Հայաստանին, օրեր առաջ հաստատեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միևնույն ժամանակ, իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներն ու իշխանամերձ շրջանակներ աստիճանաբար սկսեցին այդ հնարավոր քայլը արդարացնելու փորձեր կատարել։
Առաջին փաստարկը, որը բերում են իշխանականներն ու իշխանամերձները, այն է, որ Հայաստանի քայլերը, որոշումները ու նորմատիվ իրավական փաստաթղթերը պետք է լեգիտիմություն ունենան։ Ի դեպ, վերջին օրերի քննարկումներում խոսվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լեգիտիմության մասին։
Արտաքին լեգիտիմության պարագայում խոսքն այն մասին է, որ այդ քայլերը, որոշումներն ու փաստաթղթերը պետք է ընդունելի լինեն միջազգային հանրության համար։
Նախ, պետք է արձանագրել, որ սա իշխող թիմի մոտ գերակայող մտածողություն է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո։ Այս մոտեցումը ենթադրում է, որ եթե Հայաստանը նույնացնի իր բոլոր պատկերացումները միջազգային հանրության պատկերացումների հետ, կստանա լայն միջազգային աջակցություն։ Նիկոլ Փաշինյանը առաջ էր շարժվում նույն տրամաբանությամբ, երբ 2022-ի ապրիլին հայտարարում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու և Հայաստանի ու Արցախի շուրջ լայն միջազգային կոնսոլիդացիա ապահովելու մտադրության մասին։ Արդյունքում, ինչպես հայտնի է, նշաձողը հասցվեց զրոյական կետի, Արցախը հայաթափվեց, իսկ Հայաստանի շուրջ այդպես էլ ոչ մի միջազգային կոնսոլիդացիա տեղի չունեցավ։
Միջազգային լեգիտիմության վերաբերյալ այս թեզը իշխանամերձ որոշ գործիչներ վերջին օրերին հասցրել են անհեթեթության մակարդակի՝ պնդելով, թե իբր՝ եթե Անկախության հռչակագրի հղումը չհանվի Սահմանադրութան նախաբանից, դա կարող է խոչընդոտել Հայաստանի և միջազգային տարբեր դերակատարների միջև համագործակցության խորացումը։ Սա, իհարկե, ցածրորակ քարոզչություն է, քանի որ միջազգային որևէ լուրջ դերակատար մինչև վերջերս նույնիսկ տեղյակ չէր Անկախության հռչակագրի հետ կապված այդ դետալների մասին։ Ավելին, հավանականությունը, որ որևէ լուրջ խաղացող Հայաստանի հետ հարաբերությունները կարող է պայմանավորել Սահմանադրության փոխել-չփոխելով, մոտ է զրոյի։
Այս հարցում գործ ունենք միմիայն Ադրբեջանի քմահաճույքի հետ, որը, ինչպես արդեն ասացի, Սահմանադրության փոփոխոթյունը հայկական ռևանշիզմի դեմ երաշխիք է համարում։ Սա, իհարկե, ևս անլուրջ պահանջ է, քանի որ հայկական ռևանշիզմի հեռանկարների վրա այդ հնարավոր փոփոխությունը զրոյական ազդեցություն է ունենալու։ Եթե տարիներ հետո Հայաստանում ի հայտ գան ուժեր, որոնք կասկածի տակ կդնեն Երևանի ու Բաքվի միջև ստորագրված որևէ փաստաթուղթ, Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղման բացակայությունը նրանց համար, վստահաբար, խոչընդոտ չի լինելու։ Այդ առումով Բաքվի այս պահանջը, իհարկե, նաև ցուցադրական բնույթ ունի։ Ադրբեջանի իշխանություններն այս գործընթացով նպատակ են հետապնդում նաև նվաստացնել Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը՝ Հայաստանի յուրօրինակ «դենացիֆիկացիա» իրականացնելով։
Այս քայլը արդարացնելու համար իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նշվեց, օգտագործում են նաև ներքին լեգիտիմության փաստարկը։ Նրանք, մասնավորապես, կասկածի տակ են դնում այն պայմանները, որոնցում կազմակերպվել էր 1995-ի սահմանադրական հանրաքվեն։
Սա է՛լ ավելի անտրամաբանական հայտարարություն է, քանի որ Ադրբեջանի պարտադրանքով փոփոխվող Սահմանադրությունը չի կարող ընդհանրապես որևէ ներքին լեգիտիմություն ունենալ։ Եթե անգամ իշխանություններին հաջողվի մոլորեցնել հասարակության մի հատվածին և հասնել այդ փոփոխությանը, ապա Հայաստանում իշխանափոխությունից հետո մայր օրենքի լեգիտիմության հարցը կրկին արդիական է դառնալու։ Այդ առումով հենց այդ փոփոխությունն է լուրջ սպառնալիք տարածաշրջանում հարատև խաղաղությանը, քանի որ այն իրավիճակն ապագայում ապակայունացնելու ռիսկեր է պարունակում։
Լեգիտիմության շուրջ կառուցված քարոզչական պատումներից բացի իշխող ուժի ներկայացուցիչները, արձագանքելով այն մեղադրանքին, որ նրանք գնում են Սահմանադրության փոփոխությանը Ադրբեջանի ճնշման ներքո, վերջին օրերին առաջ են քաշում նաև այն թեզը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթն ու դեկտեմբերի 1-ի որոշման հղումը ներառվել են Անկախության հռչակագրի տեքստի մեջ Մոսկվայի ճնշման ներքո։
Այս հայտարարությունները հակագիտական են ու հակատրամաբանական։ Դավադրապաշտական մակարդակի մտորումներից բացի՝ այս պնդումը հիմնավորող որևէ լուրջ փաստարկ գոյություն չունի։ Հասկանալի չէ նաև, թե ինչու Մոսկվան ընդհանրապես չի կանխել այդ փաստաթղթի ընդունումը, որը ուղղակիորեն կասկածի տակ էր դնում Խորհրդային պետության տարածքային ամբողջականությունը, եթե այդ տեքստի բովանդակության վրա այդպիսի լուրջ ներազդեցություն ունենալու հնարավորություն ուներ։
Վերադառնալով այս գործընթացի էությանը, անհրաժեշտ է նշել, որ եթե իրադարձությունները այս տրամաբանությամբ առաջ շարժվեն, ապա միայն Սահմանադրության փոփոխությամբ Ադրբեջանը չի բավարարվելու։ Բաքուն արդեն իսկ ոչ պաշտոնական խողովակներով հնչեցնում է այդօրինակ այլ պահանջներ։ Մասնավորապես, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը հայտարարում է Հայաստանի տարածքում գործող այն կառույցների ու կազմակերպությունների գործունեության կասեցման անհրաժեշտության մասին, որոնք փորձում են իրականացնել արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ իրավունքները ներկայացնելու գործառույթը։ Եվ իրականում դժվար է հասկանալ, թե այդ պահանջները որ կետում կարող են ավարտվել։
Զավեշտալի է նաև այն հանգամանքը, որ այս օրակարգը պատրաստ է սպասարկել մի ուժ, որը վերջին տարիների ընթացքում ֆետիշացրել էր Հայաստանի ինքնիշխանության գաղափարը, օգտագործել այն տարաբնույթ քաղաքական հակառակորդներին թիրախավորելու համար։ Իսկ այժմ ինքնիշխանության դրոշակակիրները փաստացիորեն պատրաստ են Բաքվի պահանջով փոխել երկրի մայր օրենքը՝ հույս ունենալով ստանալ մի փաստաթուղթ, որը գոյություն ունեցող հիմնական խնդիրներից որևէ մեկին լուծում չի տալիս և լուրջ երաշխիքներ չի պարունակում։ Եթե Ադրբեջանին հաջողվի հասնել իր նպատակներին, ապա այս գործընթացի վերջնարդյունքն իր բնույթով, վստահաբար, կապիտալյուցիոն է լինելու։