Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու: Այդ մասին հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է․ «Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանը նշում է, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ․ «Մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»։