Վարչապետն Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին:

Փաշինյանն ու Խարազին մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը:

«Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։