Գլխավոր Լրահոս

Նվերների չներդրված ռեեստր, դատարկ հաստիքներ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունքները

Նվերների չներդրված ռեեստր, դատարկ հաստիքներ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունքները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր գործիքներից մեկը՝ նվերների ռեեստրը, առ այսօր չի ներդվել: Այս համակարգը պետք է ներդրվեր 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն, սակայն ռազմավարության այս դրույթը չի իրագործվել։

2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությունում առանձին ամրագրվել է, որ նախատեսվում է ստեղծել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր։ 

Համաձայն ժամանակացույցի (19-րդ կետ)՝ նվերների ռեեստրը պետք է մշակվեր ու գործարկվեր 2022-ին։ Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգում էլ ամրագրվել է, թե իբր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության մասով միջոցառումն «ամբողջությամբ կատարվել է», մինչդեռ իրականությունն այլ է։

Ըստ ռազմավարության՝ պետք է ապահովվեր «պետական պաշտոն զբաղեցնող անձանց  15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոնեական պարտականություններով պայմանավորված  նվերների կանոնների պահպանման միասնականությունը, այդ թվում՝ նվերների միասնական հրապարակային ռեեստրի վարման միջոցով»։  

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, այս գործընթացը սկսել է ավելի ուշ և այդպես էլ ավարտին չի հասցրել։ Մասնավորապես, 2023-ի դեկտեմբերին ընդունվել է ռեեստրի վարման, լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին N 01-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից: 

Հանձնաժողովից ՍիվիլՆեթին վստահեցրին, թե աշխատում են ռեեստրի կառուցման վրա․ «Այդ նպատակով հանձնաժողովը պայմանագրային բանակցությունների մեջ է գործընկեր կազմակերպության հետ, գործընթացը գտնվում է ակտիվ փուլում»: Մեզ նաև տեղեկացրին, որ մշակվել և հաստատվել է նվերների հաշվառման ձևաթուղթ, հրապարակել է նաև ուղեցույց, սակայն «հունվարի 16-ի դրությամբ հանձնաժողովը նվերների հաշվառման վերաբերյալ որևէ ձևաթուղթ չի ստացել»:

Հաստիքների 30 տոկոսն առ այսօր համալրված չէ

Հանձնաժողովի արդյունավետ գործունեության երաշխիքներից առաջնայինը համապատասխան մասնագետների առկայությունն է։ Այս մասով ևս ռազմավարությունը դրույթներ է նախատեսել, ըստ որոնց՝ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, ու հաստիքների թվաքանակը հասցվել է 57-ի։ Ավելին՝ 2023-ի սկզբին վարչապետի աշխատակազմ առաջարկ է ուղարկվել, որ այդ թիվը դառնա 65: Այստեղ, սակայն, մեկ այլ կարևոր փաստ կա․ առ այսօր սահմանված 57 հաստիքների 30 տոկոսը կամ 17-ը համալրված չեն, ներառյալ՝ հանձնաժողովի երեք անդամներինը, որոնց խորհրդարանը չընտրեց նախորդ տարեվերջին։

Ազդարարման ընդամենը մեկ վարույթ, այն էլ՝ կարճված

2022-ին փոփոխություն է տեղի ունեցել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հանձնաժողովը ստացել է հնարավորություն անդրադառնալու ազդարարման դեպքերին։ Համաձայն փոփոխության՝ հանձնաժողովն ազդարարման դեպքում իրավասու է իրականացնել հաղորդման հաշվառում, քննարկման ապահովում, միջոցների ձեռնարկում և վիճակագրության վարում։

Այս փոփոխությունից հետո, սակայն, ընդամենը մեկ անգամ է նշված գործիքը կիրառվել։ ՍիվիլՆեթը պարզեց, որ ազդարարման մեկ հաղորդում է ուղարկվել հանձնաժողով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի վերաբերյալ, որը քննվել է ու 2023-ի վերջին կարճվել։ Հանձնաժողովից այս առնչությամբ պարզաբանեցին, որ ազդարարման հաղորդումն իրենց է փոխանցել դատախազությունը։ Թե ինչու է այսքան աղքատիկ ազդարարման մասին վիճակագրությունը՝ կառույցից արդարացան, որ «բոլոր այն դեպքերում, երբ դիմումները և լրատվամիջոցների հրապարակումները պարունակել են շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, ինչպես նաև հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտումներ, հանձնաժողովը դրանց օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել, սակայն չի դիտարկել և հաշվառել որպես ազդարարում»։

Հանձնաժողովի գործը՝ թվերով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնում է նաև պաշտոնատար անձանց հայտարարագրերի ուսումնասիրություն և վերահսկողություն։ 2020-2023թթ․ հայտարարագրերը ժամանակին չներկայացնելու կամ այլ բնույթի խախտման վերաբերյալ 387 վարույթ է հարուցվել։ Մեծամասնությունը հայտարարագման խախտումներն են։ Գերակշիռ մասը հետագայում կարճվել է։ Հանձնաժողովը նաև իրավասու է տարբեր հարցերով դիմել դատախազություն և հաղորդումներ ներկայացնել։ Այդպիսի 18 հաղորդում է եղել։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Ըստ իրավապահ մարմնի՝ այդ հաղորդումներից 14-ով քրեական վարույթ է հարուցվել, այնուհետև 6-ը կարճվել է։ Հանձնաժողովի կարևոր գործառույթներից մեկն էլ բարեվարքության ստուգումն է, 2020-2023թթ․ այդպիսի 1 166 ուսումնասիրություն ու եզրակացություն է եղել։

Հանձնաժողովի խորհրդատվությունները անհամատեղելիության պահանջների վերաբերյալ

Հանձնաժողովի գործառույթներից է նաև անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանից բխող վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ խորհրդատվություններ տրամադրելը։ 2020-2023թթ․ իրականացրել է շուրջ 126 դիմումի ուսումնասիրություն՝ տրամադրելով համապատասխան խորհրդատվություն (մեկնաբանում, պարզաբանում, առաջարկություն) քննարկված դեպքերի վերաբերյալ: Դրանց մեծ մասը վերաբերել է հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների և շահերի բախման դեպքերին։

Կարդացեք հոդվածի առաջին մասը՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում