Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ո՛ր տարածաշրջանում է․ Զախարովան՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստանի հետ մերձեցման մասին հայտարարությունները։

«Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը։ Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի, թե որ տարածաշրջանում է և ինչ հարևանների միջև է գտնվում: Պետք է այս ամենը վերլուծել և հասկանալ, թե որոնք են հենց Հայաստանի ազգային շահերը, ինչն է նրան ձեռնտու, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ օգուտ կբերի, և պետք է ելնել դրանից, ոչ թե խոստումներից»,- ասել է Զախարովան։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել էր, որ շատ ոգևորված են արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ Հայաստանի՝ դեպի դաշինք տեղաշարժով: Նա նաև հայտարարել էր, որ դաշինքում ցանկանում են ավելի մերձենալ Հայաստանի հետ: