Կասկածելի «անվտանգության ինդեքսը»՝ կրկին ուշադրության կենտրոնում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Համացանցում կրկին շրջանառվում է տեղեկություն, թե Հայաստանը ճանաչվել է աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկիրը, իսկ Երևանը՝ ամենաանվտանգ 15-րդ քաղաքը։

Տեղեկության սկզբնաղբյուրը ներքին գործերի նախարարության հունվարի 31-ի հաղորդագրությունն է, որում հղում է արվում իբր «միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալին»։

Լուրը արտատպել են Factor.am, Lragir.am, Yerkir.am, Armlur.am, Pastinfo.am, Civic.am, Aysor.am լրատվական կայքերը, ինչպես նաև պետական Արմենպրեսս գործակալությունը և Առաջին լրատվականը։

Numbeo-ի վարկաշինը կազմված է կասկածելի մեթոդաբանությամբ և բացառապես կայքի այցելուների կարծիքների հիման վրա

Առաջին անգամ չէ, որ հայաստանյան պետական գերատեսչություններն ու պաշտոնյաները հղում են անում Numbeo կայքի՝ երկրների և քաղաքների անվտանգության վարկանիշին։ Դեռ 2023-ի հունվարին Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր կայքի կազմած վարկանիշը։ Ամիսներ անց՝ հուլիսին, Numbeo-ի կասկածելի վարկանիշը հիշատակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կայքի քաղաքների անվտանգության ինդեքսում Երևանի 14-րդ տեղը որակելով որպես «կարևոր ձեռքբերում»։

Ուշագրավ է, որ այս տվյալները ներառված են ՆԳՆ 2023-ի գործունեության հաշվետվությունում։ Տվյալները նախարարության կողմից զեկուցվել են վարչապետին։

#CivilNetCheck-ն արդեն իսկ անդրադարձել է այս թեմային և պարզել, որ այդ կայքում հրապարակված վարկանիշային աղյուսակները վստահելի չեն, կազմված են միայն կայքի այցելուների կարծիքների վրա՝ ոչ մասնագիտական մեթոդաբանությամբ։

Համաձայն Numbeo-ի պարզաբանման՝ քաղաքների և երկրների անվտանգության ցուցանիշերը հաշվարկվում են վերջին երեք տարում կայքի օգտատերերից ստացված գնահատականների հիման վրա։ Ցանկացած մարդ կարող է մասնակցել կայքի հարցումներին և ազդել որևէ քաղաքի կամ երկրի ցուցանիշի վրա։

Երևան քաղաքի անվտանգ լինելու ցուցանիշը ներկայում հիմնված է կայքի 193 անանուն այցելուների գնահատականների հիման վրա։ Իսկ Հայաստանի անվտանգ լինելու ցուցանիշը՝ 212 այցելուների գնահատականների հիման վրա, որոնցից 193-ը Երևանի մասով վերոնշյալ քվեարկողներն են։

Այսպիսով, Numbeo կայքի վարկանիշային աղյուսակները կազմվում են սիրողական մեթոդաբանությամբ՝ հիմնվելով բացառապես կայքի այցելուների կարծիքների վրա, որոնց թիվը փաստացի մեծ չէ։