ՃՏՊ-ների և զոհերի թիվը նվազե՞լ է. վարչապետի պնդումը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Կառավարության հունվարի 25-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կատարված աշխատանքների շնորհիվ Հայաստանում ճանապարհային վթարների և զոհերի թիվը նվազել է։
«Ներքին գործերի նախարարությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում։ Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որովհետև որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք, և տեսնում ենք, որ հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ»,- ասել է վարչապետը։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է վարչապետի այս պնդումը։
Վիճակագրական տվյալները հակառակն են ասում
Համաձայն ՆԳՆ ոստիկանության տրամադրած տվյալների՝ 2023-ի ընթացքում անձանագրվել է մարմնական և մահվան ելքերով 4 613 ճանապարհատրանսպորտային պատահար (ճտպ), որոնց հետևանով զոհվել է 378 և վիրավորվել 6 537 անձ։ Այնինչ նախորդ տարում՝ 2022-ին, գրանցվել է 4 308 ՃՏՊ. զոհվել է 321 և վիրավորվել՝ 6 153 անձ։
Այսինքն 2023-ին՝ 2022-ի համեմատ, գրանցված ՃՏՊ-ների թիվը (որոնցում գրանցվել են զոհեր կամ վիրավորներ) աճել է 7 տոկոսով, զոհերի թիվը՝ մոտ 18 տոկոսով, վիրավորները թիվը՝ շուրջ 6 տոկոսով։ Փաստացի՝ 2023-ին ՃՏՊ-ներից գրանցված մահերի ցուցանիշը վերջին տարիների հակառեկորդ է։
Եթե համեմատենք 2023-ի ցուցանիշները 2016-ի ցուցանիշների հետ, ապա կստացվի, որ ութ տարում Հայաստանում ՃՏՊ-ները աճել են 44 տոկոսով, դրանց հետևանքով գրանցված մահերի թիվը՝ 42 տոկոսով և վիրավորների թիվը՝ 47 տոկոսով։

ՃՏՊ-ների և դրանցում զոհերի թիվն աճում է ավտոմեքենաների թվին զուգահեռ
ՃՏՊ-ների աճի պատճառներից մեկը վերջին տարիներին շահագործվող մեքենաների թվի աճն է։ Թեև Հայաստանում ավտոմեքենաների թիվը գաղտնի է համարվում, սակայն վերջին տարիներին դրանց թվի աճի մասին կարելի է պատկերացում կազմել ԱՊՊԱ ոլորտի վիճակագրական տվյալներից։
Այսպես, համաձայն Հայաստանի ապահովագրական բյուրոյի տվյալների՝ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կա 667 402 ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոց (ՏՄ), որն ավել է նախորդ տարվա ցուցանիշից 10 տոկոսով։
Եթե համեմատենք 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ՏՄ-ների թիվը 2016-ը նույն ցուցանիշի հետ, ապա աճը կազմում է 42 տոկոս՝ մոտ նույնքան, որքանով 2016-ից աճել են ՃՏՊ-ների և դրացում գրանցված մահերի թիվը։

Եթե անգամ դիտարկեք ոչ թե տարեկան կտրվածքով տվյալները, այլ միայն դեկտեմբեր ամիսներին արձանագրված ՃՏՊ-ները, ապա այստեղ ևս նվազեցում չի գրանցվել։ 2023-ին դեկտեմբերին գրանցված ՃՏՊ-ների թիվը՝ 2021-ի և 2022-ի դեկտեմբեր ամսիների համեմատ, աճել է համապատասխանաբար 11 և 8 տոկոսով։

Պետական վիճակագրական տվյալներում ներառվում են միայն այն ՃՏՊ-ները, որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ։ Միաժամանակ, դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ՏՄ-ների թվերը ցույց են տալիս են տարիների ընթացքում աճի դինամիկան, բայց ոչ Հայաստանում եղած ՏՄ-երի հստակ թիվը։
Այպիսով, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե կատարված աշխատանքների արդյունքում ՃՏՊ-ների և զոհերի թիվը նվազել է, կեղծ է։
Civilnet
CivilNetCheck










