Էկոնոմիկայի փոխնախարարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Իսպիրյանի նկատմամբ 2 ամսով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթներով 7 անձի ձերբակալության մասին։ Ըստ ՔԿ-ի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Կոռուպցիոն գործով ձերբակալվել էին էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովանեսյանը և այլ անձինք։