Ո՞վ է Իրակլի Կոբախիձեն` Վրաստանի հաջորդ վարչապետը

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Շոթա Կինչա, OC Media

Իրակլի Կոբախիձեն՝ 2012-ին իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցության ամենաանկեղծ գործիչներից մեկը, որը գլխավորել է կուսակցությունը, երբ այն փոխեց իր արևմտյան կողմնորոշումը և շրջադարձ կատարեց դեպի ավելի մեծ պահպանողականություն, կդառնա Վրաստանի յոթերորդ վարչապետը: Եվ այսպես, ո՞վ է Իրակլի Կոբախիձեն:

Փետրվարի 1-ին Վրաստանի պաշտոնաթող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է լուրերը, որ Վրաստանի հաջորդ վարչապետը կլինի խորհրդարանի նախկին խոսնակ և կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն: Սպասվում է, որ վարչապետի պաշտոնում խորհրդարանը Կոբախիձեին կհաստատի ոչ ուշ, քան փետրվարի 12-ը:

Իրակլի Կոբախիձեն առաջին անգամ հրապարակավ մուտք գործեց վրացական կուսակցական քաղաքականություն 2015-ի սկզբին՝ որպես կուսակցության գործադիր քարտուղար: Մինչ այդ պաշտոնը ստանձնելը, նա հիմնականում անհայտ էր ընտրողներին, թեև կուսակցությունը պնդում էր, որ նա նախկինում աշխատել է «Վրացական երազանք»-ի հետ՝ որպես իրավական հարցերով փորձագետ:

Կոբախիձեի՝ արագ տեմպերով իշխանության գալն արդյունքում շփոթեցրեց և որոշ դեպքերում նյարդայնացրեց շատ փորձառու քաղաքական գործիչների կուսակցության ներսում, որն այն ժամանակ դեռ ղեկավարում էր կառավարական կոալիցիան՝ բաղկացած քաղաքական վեց այլ խմբերից:

Իրակլի Կոբախիձեի կուսակցական կարիերան զուգահեռաբար ծաղկել է այն ժամանակ, երբ Վրաստանի իշխող կուսակցությունն անցնում էր ցնցումների միջով և ամրապնդում դիրքերը՝ կոալիցիայի ձգձգվող փլուզումը, վարչապետների անընդհատ փոփոխությունները, կուսակցության հարաբերությունների վատթարացումն Արևմուտքի հետ և Իվանիշվիլիի տատանողական վարքագիծը, երբ փաստացի ներգրավված էր քաղաքական կյանքին, սակայն պնդում էր, թե ինքը Վրաստանի քաղաքական դաշտից դուրս է մնացել։

Քանի որ մոտենում են 2024-ի հոկտեմբերի համընդհանուր ընտրությունները, Կոբախիձեին, որը մասնագիտությամբ սահմանադրագետ է, հանձնարարություն կստանա ապահովել կուսակցության չորրորդ ժամկետն իշխանությունում՝ օգտագործելով կուսակցության բրենդը դարձած սադրանքները և կոշտ հռետորաբանությունը, որպեսզի գրավի Վրաստանի ընտրազանգվածի ուշադրությունը։

Իրավաբան, դասախոս կամ առաջնորդ

2006-ին Դյուսելդորֆի համալսարանում իրավագիտության թեկնածուի գիտական կոչումն ստանալուց հետո Կոբախիձեն դասախոսել է Թբիլիսիի պետական համալսարանում և Թբիլիսիում գտնվող Կովկասի համալսարանում։ Մինչ քաղաքականություն մտնելը Կոբախիձեն որպես ծրագրի փորձագետ և ղեկավար աշխատել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում (ՄԱԶԾ) և որպես ծրագրի համակարգող՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID)։

«Վրացական երազանքը» նշում է 2021-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, Իրակլի Կոբախիձեն կանգնած է Իրակլի Ղարիբաշվիլիի թիկունքում։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

2015-ի հունվարին, անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվեց որ Իրակլի Կոբախիձեն կդառնա «Վրացական երազանք»-ի ապագա գործադիր քարտուղարը, նրա հայրը՝ Գիա Կոբախիձեն, դուրս եկավ ռուսամետ «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունից և հեռացավ քաղաքականությունից՝ հայտարարելով, որ դա անում է, որպեսզի չբարդացնի սեփական քաղաքական կարիերան սկսելու՝ որդու նախաձեռնությունը։

Կոբախիձեի վերելքը «Վրացական երազանք»-ի շարքերում կտրուկ արագացավ 2016-ի հոկտեմբերին որպես անկախ կուսակցություն «Վրացական երազանք»-ի առաջին հաղթանակից հետո, որը նրան հասցրեց խորհրդարանի նախագահի պաշտոնին։

Խորհրդարանի նախագահի պաշտոնում իր ղեկավարման օրոք Կոբախիձեն սկսեց ցույց տալ իր հավատարմությունը կուսակցական ուղեգծին, որքան էլ այն հակասական լիներ: Այն ժամանակվա խոսնակը վերահսկում էր 2017-2018 թվականների սահմանադրական փոփոխությունները, որոնք մինչև 2024-ը հետաձգեցին Վրաստանի անցումը խառը ընտրակարգից լիովին համամասնական ընտրակարգի, ինչպես նաև չեղարկեցին նախագահական ուղղակի ընտրությունները: Նա նաև պաշտպանեց դատավորների ցմահ նշանակման վիճահարույց պրակտիկան, ինչի հետևանքով կուսակցությունը 2019-ին կորցրեց իր սահմանադրական մեծամասնությունը, երբ մի շարք պատգամավորներ, ի նշան բողոքի, լքեցին կուսակցությունը։

Կոբախիձեի կապն իր կուսակցության հակասական գործողությունների հետ միայն ուժեղացավ նույն տարվա վերջին. զանգվածային բողոքի ցույցերից հետո նա հրաժարական տվեց խոսնակի պաշտոնից, ինչից հետո նրա կուսակցությունը խորհրդարանում հյուրընկալեց ռուսական պատվիրակությանը և նրա պաշտոնում ընտրեց ռուսական Կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովին:

Չնայած խորհրդարանի նախագահի պաշտոնը լքելուն՝ Կոբախիձեն շարունակեց աշխատել որպես պատգամավոր և 2021-ի հունվարին՝ քաղաքականությունից Բիձինա Իվանիշվիլիի երկրորդ անգամ «հեռանալուց» հետո, ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը։

Առաջնորդելով արևմտյան կողմնորոշման փոփոխությունը

Քաղաքականությունում իր գործունեության ինը տարիների ընթացքում Կոբախիձեն դարձել է իշխող կուսակցության ամենաանկեղծ դեմքերից մեկը՝ հաճախ որպես առաջամարտիկ հնչեցնելով գաղափարներ, որոնք հետագայում ընդունվել են կուսակցության և լրատվամիջոցների կողմից:

Կոբախիձեն ամենակտիվ ջատագովներից մեկն էր 2023-ի սկզբին առաջարկված «օտարերկրյա գործակալների» օրենքի, որը լայնորեն դիտվում էր որպես քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և խոսքի ազատության սպառնալիք: Թեև կառավարությունը երեք օր տևած զանգվածային բողոքի ցույցերից հետո հետ կանչեց օրենքները՝ Կոբախիձեն շարունակեց ցուցարարներին համարել ընդդիմության խամաճիկներ և հոմոֆոբ արտահայտություններ հնչեցրեց 21-ամյա ցուցարար Լազարե Գրիգորիադիսի հասցեին: Բողոքի ցույցերից գրեթե մեկ տարի անց Գրիգորիադիսը շարունակում է մնալ կալանքի տակ՝ ոստիկանների վրա հարձակվելու և ոստիկանական գույքը վնասելու մեղադրանքով։

Կոբախիձեն նաև վերջին տարիներին դեմ է արտահայտվել Վրաստանի ուղղափառ եկեղեցու հասցեին քննադատություն հնչեցնելուն, հայտարարել է, որ եկեղեցու հակառակորդներն «արմատազուրկ» են և խոստացել է այս տարի «կրոնական շենքերը և օբյեկտները անարգելը» քրեականացնող օրենսդրություն ներկայացնել խորհրդարան։

Պնդելով, թե իր կուսակցության արտաքին քաղաքականությունը հիմնովին արևմտամետ է, Կոբախիձեն շրջադարձ է կատարել հակառակ ուղղությամբ: Նրա և նրա կուսակցության հռետորաբանությունը վերջին տարիներին գնալով ավելի թշնամական է դարձել Վրաստանի արևմտյան գործընկերների նկատմամբ, հատկապես Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից և ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Վրաստանի պաշտոնապես դիմելուց դիմումից հետո:

Չնայած Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինային ցուցաբերվող լայնածավալ հանրային աջակցությանը՝ Կոբախիձեն մեղադրանքներ է հնչեցրել այն մասին, որ արևմտյան երկրներն ու կազմակերպությունները փորձում են Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մղել՝ պնդելով, որ դա մտադիր է անել «պատերազմի գլոբալ կուսակցությունը»:

«Աստված մի արասցե, բայց եթե մենք տեսականորեն թույլ տայինք, որ այդ պատերազմը սկսվեր Վրաստանում մինչև դեկտեմբերի վերջ, իհարկե, այդ դեպքում [ԵՄ] թեկնածուի կարգավիճակը երաշխավորված կլիներ։ Այդուհանդերձ, թերևս, չարժե այս կերպ նման կարգավիճակ ձեռք բերել»,- 2022-ի հուլիսի 5-ին Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Կոբախիձեն։

Թեև Վրաստանի խորհրդարանի խոսնակը հաճախակի է քննադատել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ուկրաինային և նրանց ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի հարցում նրա հռետորաբանությունը լավագույն դեպքում զգուշավոր է եղել:

Նույն կերպ Կոբախիձեն պնդել է, որ Վրաստանում քաղաքական կամ դատական կոռուպցիայի վերաբերյալ արևմտյան երկրների հնչեցրած ցանկացած մեղադրանք կեղծ է և պայմանավորված է չարամիտ դրդապատճառներով: Ապագա վարչապետը 2023-ին առաջնորդում էր մի արշավ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրին (USAID) մեղադրելով վրացի ակտիվիստներին «Վրացական երազանք»-ի գլխավորած կառավարությունը տապալելու համար նախապատրաստելու մեջ, մեղադրանք, որ ԱՄՆ դեսպանատունը հերքել է։

Կոբախիձեի հնչեցրած հռետորաբանությունն ու գաղափարներն արժանացել են արևմտյան գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի քննադատությանը։

2023-ի մայիսին «Վրացական երազանքը» որպես դիտորդ անդամ փաստացի հեռացվեց Եվրոպական սոցիալիստների կուսակցությունից. սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հեռացող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2023-ի մայիսին Հունգարիայում Պահպանողական քաղաքական գործողությունների կոալիցիայի (CPAC) միջոցառմանը հոմոֆոբ և տրանսֆոբիկ հայտարարություններ արեց։

Այժմ Կոբախիձեն իշխանության է գալիս վճռորոշ պահի. 2023-ի դեկտեմբերին Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ՝ չնայած չէր կատարել դաշինքի կողմից սահմանված չափանիշները: Դրան հաջորդած շաբաթների ընթացքում իշխող կուսակցությունը և ինքը՝ Կոբախիձեն, կարծես թե ավելի հաշտվողական դիրք են ընդունել Արևմուտքի նկատմամբ:

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ ժամանակը ցույց կտա, թե որ ուղով կգնա Վրաստանը Կոբախիձեի վարչապետության օրոք և «կուսակցության պատվավոր նախագահ» Բիձինա Իվանիշվիլիի մշտապես աչալուրջ հայացքի ներքո։