Մենք ապրում ենք Հայաստանում, և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն․ նախարար

Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծի շուրջ դժգոհություններին:

Նախարարը վստահեցնում է՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու պարագայում առարկայից դուրս չի մնալու այն բովանդակությունը, որը կազմում է պատմության մասը, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից:

«Ես այս բոլոր քննարկումներից հանգել եմ մի եզրակացության, որ առարկայի անվանումն ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ: Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը: Կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Սա ամենևին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»,- ասել է նա:

Անդրեասյանն այսօրվա դասագրքերում նկատել է խնդիրներ, որոնք պետական մտածողության բացակայություն են սերմանում աշակերտների մոտ:

***

Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հրապարկվել է որոշման նախագիծը։

Ավելի վաղ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ինքն իրեն մեղադրել էր, որ «Հայոց պատմության» ու «Հայաստանի պատմության» միջև առկա նրբությունը չէր նկատել։