«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին

«Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում չարաշահումները ոչ թե գողության, այլ շահառուների կողմից խարդախություն անելու մասին են։ Դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»։ Կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեի կողմից ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում հայտնաբերված խախտումների ու խարդախությունների մասին։

Այս գործով կա կալանավորված պաշտոնատար անձ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ Քերոբյանի՝ այդ ամենը պարալիզացնում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքը։

«Մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ լավ, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,- կառավարության նիստում հարց բարձրացրեց Քերոբյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր մոտեցումն այն է, որ պետք է հասկանալ՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։

«Պլանավորված չարաշահումը, յուրացումն ու կաշառքը ուրիշ բան է։ Մեր ընթացակարգերը բարդ ու խճճված են»,- հայտարարեց Փաշինյանը։