Շառլ Միշելը շնորհավորել է Ալիևին վերընտրվելու կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ։

X-ի իր էջում Միշելը գրել է․

«Շնորհավորեցի Ադրբեջանի նախագահ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և փոխանցեցի լավագույն ցանկություններս պաշտոնավարման նոր ժամկետում։ Ընդգծեցի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի շարունակական աշխատանքի կարևորությունը։

Քննարկեցի նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններն ու համագործակցությունը, այդ թվում հաղորդակցությունն ու էներգետիկան։

Բովանդակային քննարկումներ ունեցա նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը՝ հանուն կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացման»:

Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է ընտրությանը մասնակցածների մոտ 93 տոկոսի քվեն։ Ինքը՝ Ալիևը, քվեարկել է հայերից էթնիկապես զտված Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում։
Ընտրություններն անցել են լցոնումներով, կուտակումներով, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտների բազմաթիվ դեպքերով։