Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Ճշգրիտ տեղեկությունների դեպքում, նրա խոսքով՝ արտաքին գործերի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 8-ին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ողջունել էր Բրյուսելում եռակողմ բանակցությունների մասնակցելու Բաքվի հանձնառությունը։
Արթուր Հովհաննիսյանը նշում է՝ Հայաստանը նույնպես կողմ է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսմանը․ «Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, ևս կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, քանի որ Հայաստանի օրակարգում առաջնային է տարածաշրջանում խաղաղության հաստատումը»:
Պատգամավորը չգիտի, թե այժմ որքանով է իրատեսական ձևաչափի վերականգնումն ու դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը:
Ադրբեջանը վերջին շրջանում խուսափել է մասնակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր 2023-ի հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հնգակողմի փոխարեն Գրանադայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի մասնակցությամբ, որի արդյունքներով ընդունվել էր հայտարարություն։ Բաքուն հրաժարվել էր նաև 2023-ի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։