Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը վերլուծություն-կանխատեսում է հրապարակել փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրություններում վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Ադրբեջանի նախագահի վերընտրությունը ճանապարհ կբացի երկրի համար՝ շարունակելու Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի վերջինն ընդունի խաղաղության համաձայնագիրը Բաքվի պայմաններով, և կենդանի կպահի հետագա ագրեսիայի սպառնալիքը: Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններում հաղթեց՝ ստանալով ձայների ավելի քան 90%-ը, ինչը այդ երկրի պատմության մեջ երբևէ ամենաբարձր ցուցանիշն է: Ընտրություններն անցկացվեցին նախատեսվածից մեկ տարի շուտ, ենթադրաբար, որպեսզի Ալիևին հնարավորություն ընձեռվի օգտագործել իր ժողովրդականությունը 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո, որը փաստացի վերականգնեց երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Նախընտրական քարոզարշավն առանց իրադարձությունների էր։ Ընդդիմադիր հիմնական խմբերը կրկին բոյկոտեցին քվեարկությունը, ինչպես որ արել էին նախագահական նախորդ երկու ընտրություններում, իսկ Ալիևի կողքին առաջադրված կիսա-ընդդիմադիր թեկնածուները գովաբանում էին նրա ռեժիմը:
– Հատկանշական է, որ ծայրահեղական որոշ թեկնածուներ Ադրբեջանին կոչ էին անում վերականգնել իր «պատմական տարածքները», ներառյալ Հայաստանի Սյունիքի մարզը, ինչպես նաև Իրանի Ադրբեջան նահանգը: Նման հայտարարությունները, ենթադրաբար, նպատակ ունեն Ալիևին արտաքին և ներքին լսարանի համեմատ չափավոր և խաղաղասեր պետական գործիչ դարձնել։
– ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկեցին քվեարկությունը, մինչդեռ եվրոպական այլ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ չէին հրավիրվել:
– Ընտրությունները տեղի ունեցան Ադրբեջանի և Արևմուտքի միջև լարվածության աճի պայմաններում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ կապերը խորացնելու Բաքվի ջանքերի և Հայաստանի նկատմամբ էսկալացիոն գործողությունների շարունակական սպառնալիքների ֆոնին: Փետրվարի 1-ին Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը քննարկում է համագործակցության դադարեցումը եվրոպական կառույցների հետ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն հրաժարվեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ Ադրբեջանի կողմից ԵԽ-ին 2001-ին անդամակցության հետ կապված «կարևոր պարտավորությունները» չկատարելու պատճառով: Թեև Ադրբեջանի համագործակցությունը եվրոպական այս կառույցների հետ համեմատաբար անհետևանք է՝ Ալիևի՝ դրանցից հեռանալու սպառնալիքը (և այլ հարթակներում ու ձևաչափերում համագործակցության հնարավոր նսեմացումը) նպատակ ունի ցույց տալ, որ եթե Արևմուտքը չշարունակի աշխատել Ադրբեջանի հետ՝ չնայած աճող իռեդենտիստական հռետորաբանությանը և Հայաստանի նկատմամբ հնարավոր էսկալացիոն գործողություններին, Բաքուն ընդունելի կհամարի եվրոպական և անդրատլանտյան կառույցների հետ իր ներգրավվածության կրճատումը՝ ի նպաստ Ռուսաստանի և Չինաստանի հետ ավելի խոր գործակցության՝ Շանհայի համագործակցության կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության միջոցով: Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունները խորացնելուն ուղղված քայլերին զուգահեռ Ադրբեջանը փորձում է ազդարարել, որ Արևմուտքի մեկուսացման սպառնալիքը չի խանգարի իրեն Հայաստանի դեմ գործողություն ձեռնարկելուն, և որ եթե Եվրոպան ու ԱՄՆ-ը ցանկանան շարունակել օգտագործել Ադրբեջանի տարածքով առևտրային միջանցքը և իր էներգակիրների արտահանումը որպես գների կայունություն ապահովելու միջոց, նրանք պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ընդունելու խաղաղության համաձայնագրի Բաքվի տեսլականը:
– Հունվարի 23-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանեց Ադրբեջան՝ հանդիպելու Ալիևին։ Հանդիպման ընթացքում նրանք ընդգծեցին, որ 2023-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 17,5%-ով։ Նրանք նաև շեշտեցինն Ալիևի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև դեկտեմբերին ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ձեռք բերված (չհստակեցված) պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, Ռուսաստանն ու Ադրբեջանը նախատեսում են ստորագրել 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության առանցքային ոլորտների զարգացման ճանապարհային քարտեզ՝ ցույց տալով իրենց խորացող կապերը։
– Ադրբեջանը նաև մեծացնում է առևտուրը Չինաստանի հետ, որն արդեն առաջատար առևտրային գործընկեր է: Չինաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները 2023-ի առաջին 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 47%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Չինաստանի աջակցությունը վայելող Անդրկասպյան միջանցքի օգտագործման աճով: Աճող այս առևտուրը կօգնի Ադրբեջանին պահպանելու տնտեսական կապերը, եթե երկիրը հանկարծ բախվի Արևմուտքի պատժամիջոցներին կամ բոյկոտին:
– Հունվարի 22-ին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մտահոգություն հայտնեց Ալիևի կողմից Հայաստանին ներկայացված «տարածքային պահանջների» առնչությամբ՝ հավելելով, որ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»: Այնուամենայնիվ, Բաքուն, հավանաբար, հաշվարկում է, որ դա բլեֆ է, քանի որ Եվրոպան ավելի ու ավելի է կախվածության մեջ ընկնում Ադրբեջանից գազի և նավթի գնումներից՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո: Ավելին, Բաքվին մեկուսացնելու պատժամիջոցներն ու ջանքերը, հավանաբար, լրջորեն կվտանգեն Անդրկասպյան միջանցքը՝ Չինաստանի և Եվրամիության միջև բեռնափոխադրումների այլընտրանքային տարանցիկ ուղին՝ նվազեցնելով երթուղու գործառնականությունն ու գրավչությունը, ինչը, իր հերթին, լրջորեն կսահմանափակի Եվրոպայի ցամաքային առևտուրը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կամ կստիպի նրան անցնել Ռուսաստանով։ Աշխարհաքաղաքական և տնտեսական հնարավոր այս հետևանքները, հավանաբար, պատճառ են, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը խուսափեցին 2021-ից ի վեր Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ 215 քառակուսի կիլոմետր զավթման դեմ պատժամիջոցներ սահմանելուց:
– Փետրվարի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր երկիրն այլևս չի կարող ապավինել Ռուսաստանին՝ որպես իր հիմնական պաշտպանական գործընկերոջ՝ Մոսկվայի կողմից Հայաստանին Ադրբեջանի սպառնալիքներից պաշտպանելու կրկնակի ձախողման պատճառով։ Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանական ձեռքբերումների 95-97%-ը նախկինում եղել է Ռուսաստանից։ Փաշինյանն ասաց, որ Երևանը մինչև 2024-ի վերջ կընդունի բանակի զարգացման նոր հայեցակարգ, որում կվերանայվի փոխգործակցությունը այլ պետությունների հետ և որը կներկայացնի գաղափար, թե ում հետ և ինչպես պետք է համագործակցի երկիրը պաշտպանական ոլորտում․ ենթադրաբար՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համար ավելի մեծ դերեր են նախատեսված:
Ընտրություններից հետո Ալիևը կարող է ուժ կիրառել
Ընտրություններից հետո Ալիևը կարող է էլ ավելի պատրաստակամ լինել ուժ կիրառելու՝ և՛ ցուցադրելու, և՛ ավելացնելու Ադրբեջանի ճնշումը Հայաստանի վրա առաջիկա տարվա ընթացքում: Եթե սահմանազատման և տարածաշրջանային միջանցքների բացման հարցում առաջընթաց չգրանցվի, Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ էսկալացիոն գործողություններին վերադառնալու ռիսկը կմեծանա մի քանի ամսից։ Էական առաջընթացի նշաններ չկան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հիմնարար խոչընդոտների վերաբերյալ, մասնավորապես՝ սահմանազատման և Հայաստանի տարածքով Բաքվի պայմաններով Զանգեզուրի միջանցքի բացման, որը կենթադրի ապրանքների մաքսազերծման և անվտանգության նվազագույն ստուգումներ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Առանց այս հարցերում լուրջ առաջընթացի՝ Ադրբեջանը կարող է դիմել սահմանի երկայնքով էսկալացիոն հրետակոծությունների (հավանաբար, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն՝ ամռան վերջին և աշնանը)՝ ցույց տալու իր լծակները Հայաստանի վրա և սպառնալու վերադառնալ լայնածավալ պատերազմի՝ Երևանին իր պահանջները պարտադրելու հնարավոր մտադրությամբ։ Նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի դեմ բռնությունների վերսկսումը կարող էր չստանալ ադրբեջանցիների հավանությունը, քանի որ ռազմական նոր գործողությունները ադրբեջանցի զինվորների մահվան կհանգեցնեին և հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն վերականգնել է իր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Բայց քանի որ ընտրություններն այժմ ետևում են, Ալիևն ավելի քիչ կաշկանդված կլինի նման գործողություններ ձեռնարկելուց՝ ի տարբերություն նրա, եթե քվեարկությունն անցկացվեր 2025-ի սկզբին, ինչպես ի սկզբանե նախատեսված էր։ Սա ավելի հավանական է դարձնում 2024-ի աշնանը բախումների կամ պատերազմի սպառնալիքը:
– Հայաստանն ու Ադրբեջանը վերջին շաբաթների ընթացքում որոշակի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի հետ կապված երկրորդական հարցերում։ Փետրվարի 1-ին Փաշինյանը համաձայնեց փոխել Հայաստանի սահմանադրությունը և հրաժարվել Անկախության հռչակագրից՝ դրանով իսկ հանելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման կամ միավորման մասին ցանկացած հիշատակում՝ փոփոխություններ, որոնք Ալիևը նախկինում արդեն պահանջել էր խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: