Ադրբեջանը տրամադրված է խաղաղության, իսկ հայկական կողմը ձգձգում է բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է եղել իր միջոցներով վերականգնել Ադրբեջան-Նախիջևան երթուղին, բայց «հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։ Իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիան, որը հանգեցրեց 100-ից ավելի հայերի բռնի տեղահանության, Եվդոկիմովը անվանել է «հակաահաբեկչական գործողություն»՝ երկրորդելով ադրբեջանական պաշտոնական շրջանակներին։

«Ղարաբաղի հարցը փակված է։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը ջանքեր է գործադրել Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, բայց ցավոք, չստացվեց։ Սեպտեմբերին այդ թեման փակվեց ուժային գործողությամբ»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին։ Ըստ Եվդոկիմովի՝ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները «միանգամայն արդարացված են»։

«Այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, կարծում եմ՝ կարելի է բավական արագ ավարտել այդ բանակցությունները։ Տեսնում եմ, որ Ադրբեջանը տրամադրված է շատ արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները։ Սակայն, ինչպես հայտնի է, բանակցություններն ավարտելու համար նման ցանկություն պետք է ունենան երկու կողմերն են։ Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը։ Այստեղ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շատ լավ փոխգործակցություն ունենք»,- նշել է նա։

Միխայիլ Եվդոկիմովը նշում է, որ Ռուսաստանը պատրաստ է եղել իր միջոցներով վերականգնել Ադրբեջան-Նախիջևան երթուղին, բայց «ոչ այնքան հասկանալի պատճառներով հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։

Ղարաբաղի հայ բնակչության տեղահանությունից հետո, նրա խոսքով, ռուս խաղաղապահներն այժմ իրականացնում են «շենքերի պահպանություն»։

«Հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ համատեղ իրականացնում են տարածքի պարեկություն, շենքերի և մշակութային կառույցների պահպանություն։ Այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցվում են մեր խաղաղապահ զորակազմի շուրջ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։ Խաղաղապահների գտնվելու ժամկետը լրանում է 2025-ին»,- ասել է Եվդոկիմովը։

Մեկնաբանել