«Սիներջիի» երկու աշխատակիցներն ազատվել են կալանքից

Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է կոռուպցիոն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության նախկին և ներկա աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը:

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- ասված է Դախատազության հաղորդագրությունում։

«Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովանեսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

***

Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթներով 7 անձի ձերբակալության մասին։ Կոռուպցիոն գործով ձերբակալվել էին էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը և այլ անձինք։ «Սիներջիի» երեք ներկայացուցիչների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ էկոնոմիկայի փոխնախարարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Մեկնաբանել