ՊՆ-ն հերքում է զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու լուրերը

Պաշտպանության նախարարությունը հերքում է զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին տեղեկությունները։

«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Հայտնում ենք, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա տեղեկացնում է, որ փառքի անկյուններում իրականացվում են արդիականացման աշխատանքներ:

«Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- գրել է Թորոսյանը։

Մեկնաբանել