Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ԵՄ դեսպանը. պատճառը ՀՀ-ում քաղաքացիական առաքելությունն է

Փետրվարի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Պետեր Միխալկոն: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «Ադրբեջանն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեության առնչությամբ»։

Բաքվում եկել են այն եզրահանգման, որ առաքելությունը, «ի հեճուկս հայտարարված նպատակների, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցումը, լայնորեն օգտագործվել է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունում առաքելությունն անվանել են «հեռադիտակային դիվանագիտության գործակալ», որը սահմանամերձ գոտիներ է բերում եվրոպացի տարբեր պաշտոնատար անձանց և ոչ պաշտոնական պատվիրակություններ։ Այդ այցերն Ադրբեջանում որակել են «հակաադրբեջանական ատելության տարածմանը միտված» գործողություններ։

Բաքվում մտահոգվել են, որ առաքելության ակտիվությունը նկատվում է այն ժամանակ, «երբ սահմանի երկայնքով տիրում է աննախադեպ անդորր, և Ադրբեջանն ու Հայաստանը վստահության կառուցման լուրջ միջոցներ են ձեռնարկում»

ԵՄ-ին կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելությունը գործի «որպես չեզոք, քաղաքացիական և չզինված առաքելություն ՝ իր հայտարարած մանդատին համապատասխան և զերծ մնա ցանկացած գործունեությունից, որն ուղղված կլինի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ կամ որեւէ այլ կերպ շոշափի նրա անվտանգության օրինական շահերը»:

***

Եվրոպայի դեմ Ադրբեջանի այս հերթական դեմարշը տեղի է ունեցել Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունների լարվածության պայմաններում։

Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Ըստ փորձագետների՝ ապագայում Ադրբեջանն անգամ կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից՝ կրկնելով Ռուսաստանի ճակատագիրը։

2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Դեկտեմբերի 11-ին Եվրամիությունը որոշել էր ավելացնել Հայաստանում առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։

Մեկնաբանել