Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ հավաստիացումներ են պետք հայ գործընկերներից․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ հավաստիացումներ են պետք հայ գործընկերներից։ Այդ մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Միջազգային քրեական դատարանին, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայաստանյան գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին մենք տրամադրված ենք»,- Պեսկովի խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

***

2023-ի հոկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար։

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայկական կողմը հակադարձել է, որ «ձերբակալման մասին խոսք չի գնում»։ Հայկական կողմը ռուսներին առաջարկել է նաև ստորագրել երկկողմ համաձայնագիր, որը երաշխիքներ կստեղծի անհանգստությունների համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ փետրվարի 11-ին The Telegraph-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման և Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության մասին։ Պատասխանելով հարցին, թե կզանգահարե՞ք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա չգա Հայաստան, Փաշինյանը պատասխանել է․ «Չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։ Վարչապետը նաև կարծիք էր հայտնել, որ պետության գործող ղեկավարները «իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անհաղթահարելի անձեռնմխելիություն»։

Մեկնաբանել