Քննարկվում է տրանսպորտի առաջարկվող փաթեթներից սահմանափակումները վերացնելու հարցը

Երևանում տրանսպորտի առաջարկվող տոմսային փաթեթներից հնարավոր է՝ հանվեն ուղևորությունների քանակին վերաբերող սահմանափակումները։ Այդ մասին ավագանու փետրվարի 13-ի նիստի ընթացքում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Այս պահին կարծում եմ, որ մենք պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք սահմանափակումները տոմսային փաթեթներից։ Այսինքն, բոլոր ժամկետների համար ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ»,- ասաց նա։

Ավելի վաղ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը հանվել է Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգից, սակայն այսօր հայտարարվեց, որ հարցը կքննարկվի նիստում, բայց քվեարկության չի դրվի։

Քաղաքային իշխանությունները Երևանում տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էին 17 սակագնային փաթեթ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Նախնական փաթեթով տարբեր ուղևորությունների համար տարբեր ուղևորավարձ էր սահմանված։ Օրինակ, 30 օրում 60 ուղևորության համար քաղաքացին մեկ ուղևորության դիմաց կվճարի 180 դրամ, իսկ 90 օրում 180 ուղևորության համար՝ 140 դրամ։ Այժմ քննարկվում է տվյալ ժամկետներում ուղևորությունների քանակի սահմանափակմները վերացնելու հարցը։

Մեկնաբանել