Ռոմնին խոստանում է զինել սիրիացի ապստամբներին

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին կոչ է արել Սիրիայի ընդդիմադիրներին տրամադրել ծանր սպառազինություններ՝ նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի զրահամեքենաների, ուղղաթիռների ու ռազմական ինքնաթիռների դեմ պայքարելու համար, հաղորդում է բրիտանական Guardian պարբերականը։

«Իրանը սպառազինություն է տրամադրում Ասադին, քանի որ Թեհրանում գիտեն, որ սիրիական վարչակարգի տապալումը կհանգեցնի իրենց ռազմավարական պարտությանը։ Մենք կարող ենք ոչ պակաս ակտիվ աշխատել մեր միջազգային գործընկերների հետ՝ օգնելու համար այն սիրիացիներին, որոնք նաև կողմ են Իրանի պարտությանը»,- ասել է նա։

Ռոմնին նաև քննադատել է Օբամայի վարչակարգին Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանի մահվան կապակցությամբ։

«Բենղազիում մեր հյուպատոսության վրա հարձակումն ավելի շուտ այն ուժերի ձեռքի գործն է, որոնք հարձակվեցին մեր հայրենիքի վրա 2001թ․ սեպտեմբերի 11-ին։ Այս նոր հարձակումը չի կարող բացատրվել արձագանքով մուսուլմաններին վիրավորող դատապարտելի տեսահոլովակին՝ չնայած նրան, որ ներկայիս վարչակազմն այսքան երկար փորձում է մեզ համոզել դրանում»,- նշել է Ռոմնին։

«Անգամ վարչակազմը, վերջիվերջո, խոստովանեց, որ այդ հարձակումները եղել են ահաբեկիչների կանխամտածված աշխատանք, որոնք օգտագործում են բռնությունը՝ իրենց մութ գաղափարախոսությունը տարածելու համար, որոնք ձգտում են վերահսկողության տակ վերցնել Մերձավոր Արևելքի մեծ մասը և որոնք ձգտում են հավերժ պատերազմ վարել Արևմուտքոմ»,- հայտարարել է հանրապետական թեկնածուն։

Նա Օբամային մեղադրել է Սիրիայի ընդդիմադիրներին անվերապահ աջակցություն ցուցաբերել ունակ չլինելու մեջ․ «Ես աշխատելու եմ մեր գործընկերների հետ՝ ի հայտ բելեու ընդդիմության այն անդամներին, որոնք կիսում են մեր արժեքները, և ապահովելու եմ նրանց Ասադի զրահամեքենաներին ու կործանիչներին հաղթելու համար անհրաժեշտ զենքով»։

Ռոմնին հայտարարել է, որ ինքն ու Օբաման հավասարապես ցանկանում են Մերձավոր Արևելքը դարձնել ավելի անվտանգ, ազատ ու բարգավաճող։

«Ես կիսում եմ այս հույսը։ Սակայն հույսը ռազմավարություն չէ։ Մենք չենք կարող աջակցել մեր ընկերներին ու հաղթել մեր թշնամիներին Մերձավոր Արևելքում, եթե մեր խոսքը չի ամրապնդվում գործով»,- ասել է նա։

Ռոմնին Իրանին նախազգուշացրել է միջուկային զենքի նախագծման շարունակման կապակցությամբ և հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է պաշտպանի իր կոչերը «գործով, այլ ոչ միայն խոսքով», և հանդես է եկել՝ հօգուտ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ու Պարսից ծոցում ավակիր նավատորմի ներկայության ընդլայնման։

Ռոմնին նաև ակնարկել է, որ կարող է երկարաձգել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետը։

Նա ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունների՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման մտադրությունն անվանել է «քաղաքական դրդապատճառներ ունեցող նահանջ»։ Այս ճանապարհը տանում է պատերազմի շարունակության և հնարավոր հարձակումների տանը, կարծում է Ռոմնին։ Ամերիկան «Աֆղանստանի ժողովրդին թողնում է այն նույն ծայրահեղականներին, որոնք քայքայեցին իրենց երկիրը և կազմակերպեցին 2001թ․ սեպտեմբերի 11-ի հարձակումները»,- հայտարարել է հանրապետական թեկնածուն։

Ռոմնին ունի արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդականների մեծ թիմ՝ ավելի քան 30 խորհրդական, որոնց մեջ կան ինչպես ռեալիստներ, այնպես էլ նեոպահպանողականներ։ Ագրեսիվ արտահայտոււթյունները, որոնք իրեն թույլ է տալիս Ռոմնին իր ելույթներում, վկայում են, որ հանրապետականների թեկնածուն ավելի շատ հակված է դեպի նեոպահպանողականները, նշում է բրիտանական պարբերականը։

Ռոմնին նաև կողմ է արտահայտվել պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը։

Մեկնաբանել