Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել են Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի հերթական սադրանքին։ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպումը կայացել է փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ։

«Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը: Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Բորելը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ․ «Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին»։

Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Մեկնաբանել