Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ռուսաստանյան մամուլը փետրվարի 12-ին հայտնեց, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել խանութից գնված «Ջերմուկ» հանքային ջրի շշից քացախ խմելու արդյունքում։ Ըստ հրապարակումների՝ 65-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
«Ռոսպոտրեբնադզորը» փետրվարի 13-ին դադարեցրեց «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։
Ավելի ուշ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն տելեգրամյան իր էջում հայտնեց, որ տղամարդը մահացել է։
«Ջերմուկ» հանքային ջրում քացախ չի օգտագործվում
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը #CivilNetCheck-ին տրամադրած պատասխանում հայտնել է, որ ընկերության գործարաններում շշալցված հանքային ջրից կերակրափողի այրվածքը անհնար է, իսկ շշերում քացախի առկայությունը բացառվում է։
«Տեղեկացնում ենք, որ «Ջերմուկ» բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապատասխան խմբաքանակի նմուշի (LA28J առ 28.12.2023թ.) ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ հանքային ջուրը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին»,- նշված է ընկերության պատասխանում։
Ընկերությունը տեղեկացնում է, որ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում, և այն իր առկա բնութագրերով չի կարող առաջացնել կերակրափողի այրվածք:
«Ընկերությունը լիովին բացառում է մեր գործարանում շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի մեջ քացախի առկայության հնարավորությունը՝ նաև ելնելով այն հանգամանքից, որ արտադրությունը […] ամբողջովին ավտոմատացված է՝ փակ ցիկլով: Բացի այդ՝ 25 000 շիշ/ժամ արտադրողականության պայմաններում «քացախը» հայտնաբերվել է միայն մեկ շշի մեջ, ինչը լիովին հակասում է արտադրության ավտոմատացված գործընթացի սկզբունքին և կազմակերպվածությանը»,- հայտնել է ընկերությունը և հավելել, որ նման դեպքում անհամապատասխանությունը պետք է դրսևորվի տվյալ ժամանակահատվածում շշալցված բոլոր շշերում, այլ ոչ թե միայն մեկ շշում։
Ընկերությունը տրամադրել է 2023-ի դեկտեմբերի 28-ի խմբաքանակի նմուշի հետազոտության արձանագրությունը
«Ջերմուկ Գրուպ» ընկերության արտադրականան լաբորատորիայի ղեկավար Գ. Կարապտյանի մակագրությամբ ընկությունը տրամադրել է նաև 2023-ի դեկտեմբերի 28-ի՝ LA28J խմբաքանակի նմուշի հետազոտության արձանագրությունը։ Ընկերության փոխանցմամբ, փորձաքննության արդյունքները ամբողջությամբ համապատասխանում են արտադրական բնութագրին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
ՍԱՏՄ-ն ռուսական կողմից պաշտոնական գրություն չի ստացել
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ Ռուսաստանի դաշնության համապատասխան կառույցից պաշտոնապես գրություն չի ստացվել։
«Սովորաբար հոսքագծով շշալցման դեպքում չի կարող մեկ շշում այլ հեղուկ լցվել։ Նույնիսկ խմբաքանակը, թե երբ է արտադրվել, հրապարակված չէ: Հնարավոր է՝ կեղծված է, տեղում են լցրել՝ Ջերմուկի անվան տակ: Ամեն դեպքում սպասենք ռուսական կողմի հստակեցմանը»,- հայտնեցին տեսչական մարմնից։