ՀԱՊԿ-ը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հավանականությունը, իրավիճակի կարգավորման համար խաղաղության պայմանագիր է անհրաժեշտ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ պետություններ ակտիվորեն օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային պոտենցիալը՝ Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու համար»,- ասել է Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին․ «Չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը՝ շարունակվում են հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա դրսից ազդելու փորձերը»:
***
Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։