«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, սակայն նրանք էլ պետք է իրենց պահանջները հետ վերցնեն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ փետրվարի 14-ին Միլլի Մեջլիսում երդմնակալության ժամանակ։
«Մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը, անհիմն պահանջներ ներկայացնելը նրանց վրա թանկ կնստի»,- ասել է նա։
Ալիևն իր խոսքում կրկին շեշտել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։
«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին [Հայաստանը] վերջ չդնեն, եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, ապա բնականաբար խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևն ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի ստանձնած «պարտավորությունների» մասին՝ սպառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներով։
***
Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։
Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։