#CivilNetCheck, Շուշան Ստեփանյան
Կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ ատեստացիա անցած և բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչների աշխատավարձը զգալիորեն աճելու է, և կարող է կազմել մինչև 400 000 դրամ։
#CivilnetCheck-ին դիմել է մի ընթերցող՝ խնդրելով պարզել, թե որքան է կազմում ուսուցիչների աշխատավարձը ատեստավորվելուց հետո, և արդյոք այն իր մեջ ներառում է հարկերը։
Ինչպես է աշխատում ատեստավորման համակարգը
2021-ին Հայաստանում առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորում։ 2021-ին ատեստավորում կարող էին անցնել միայն 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները, 2022-ին՝ 5-12-րդ դասարանների, իսկ 2023-ից արդեն ատեստավորումն իրականացվում է բոլոր ուսուցիչների համար։
Ատետսավորմանը կարող են մասնակցել նաև մանկավարժի կրթություն ստացած անձինք և հետագայում միանգամից ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունվել։
2022-ի մայիսից կամավոր ատեստավորումը հաղթահարելու դեպքում ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200 000 դրամ՝ հարկերը ներառյալ, իսկ 70 տոկոս և բարձր արդյունք ապահովելու դեպքում՝ նաև 30-50 տոկոս հավելավճար՝ կախված հավաքած միավորներից։
Այսպես, ատեստավորման արդյունքում 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեսավորումն անցած, և սահմանվում է 200 000 դրամ դրույքաչափ։ Ավելի բարձր՝ 70-79% արդյունքի դեպքում սահմանված հավելավճարը կազմում է 30%, 80-89% արդյունքի դեպքում՝ 40%։ Ամենաբարձր՝ 50% հավելավճարը տրվում է միայն 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին։

Բացի այդ, աշխատավարձը կարող է աճել՝ կախված ուսուցչի դասաժամերի քանակից, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայր գործուղվելուց շնորհված տարակարգից և այլն։ Նշված բոլոր դեպքերում ուսուցչի աշխատավարձից գանձվում են հարկերն ու տուրքերը։ Արդյունքում 200 000 դրամ դրույքաչափով աշխատող ուսուցչի «մաքուր» աշխատավարձը 20% եկամտահարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարները գանձելուց հետո կկազմի 147 000 դրամ։
Ատեստավորման արդյունքում 60%-ից ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը ենթակա է մեկ տարի անց պարտադիր վերաատեստավորման։ Երկրորդ անգամ ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ուսուցչի դասավանդման իրավունքը կասեցվում է՝ մինչև վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը։
Ուսուցիչների 30%-ը չի հաղթահարել ատեստավորումը
2023-ին ատեստավորման գործընթացին մասնակցել է 4293 ուսուցիչ, որից 90-100% արդյունք են ցուցաբերել ընդամենը 246 ուսուցիչ (6%) 80-89% արդյունք են ցուցաբերել 714-ը (17%), 70-79% արդյունք՝ 1 018-ը (24%), 60-69% արդյունք է ցուցաբերել ատեստավորմանը մասնակցածներից 998-ը (23%):
Ատեստավորումը չեն հաղթահարել մասնակցածներից 1 317-ը կամ շուրջ 30%-ը։
2021-ին, երբ համակարգը նոր էր ներդրվել, ատեստավորմանը մասնակցած 996 ուսուցիչներից ատեստավորումը հաղթահարել էր շուրջ 65%-ը, առավելագույն արդյունք ցուցաբերել՝ 16%-ը։ 2022-ին ատեստավորված 2 329 ուսուցչից այն հաղթահարել էր 74%-ը, առավելագույն արդյունք ցուցաբերել դարձյալ 6%-ը։
Այսպիսով, փաստացի թեև պարբերաբար նշվում է 400 հազար ստացող ուսուցիչների մասին, սակայն դա անվանական՝ «կեղտոտ» աշխատավարձն է, իսկ այդքան ստացել են ատեստավորված ուսուցիչների ընդամենը 6%-ը։