Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է․ վարչապետի խոսնակն արձագանքում է Ալիևին

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ի պատասխան Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»,- ասել է նա։

Բաղդասարյանը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի 31 գյուղերի կենսական տարածքները․ «Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է»։

Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը և Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991-ի սահմանագծի նկատմամբ։

«Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին: Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Փետրվարի 14-ին Միլլի Մեջլիսում երդմնակալության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել էր Հայաստանի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին․ «Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, ապա բնականաբար խաղաղության պայմանագիր չի լինի։ Մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը, անհիմն պահանջներ ներկայացնելը նրանց վրա թանկ կնստի»,- ասել էր Ալիևը։

***

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։

Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Մեկնաբանել