Ադրբեջանն ասում է՝ «տվեք այն, ինչ ուզում եմ բանակցային եղանակով, այլապես պատերազմով կվերցնեմ»․ Փաշինյան

նիկոլ փաշինյանը՝ կառավարության նիստին

Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հետևյալն է՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, այլապես ես դա կվերցնեմ պատերազմով»։ Կառավարության փետրվարի 15-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին Հանդում տեղի ունեցած էսկալացիային ու ադրբեջանական կողմի գործողություններին։

«Ադրբեջանի մտադրությունը մնում են նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության ու անվտանգության հարցում։ Օրինակ՝ 2022-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը, ՀՀ-ն ստեղծեց պետական սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողով՝ ենթադրելով, որ սահմանային անվտանգության հարցերով կաշխատենք, իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, այդ հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը էսկալացիա հրահրելու և այդ էսկալացիան ընդդեմ Հայաստանի պատերազմի վերածելու նպատակ ունի․ «Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական տարածքներ։ Ադրբբեջանը փորձում է այնպես անել, որ իրենց զորքերը այդ տարածքներից հետ չգնան»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը կողմ է մարզ առ մարզ սահմանազատմանը՝ ամեն տարածքում վերարտադրելով սահմանը, բայց Ադրբեջանը դրան էլ համաձայն չէ։

Հայաստանի վարչապետն արձագանքեց նաև Բաքվից հնչող հայտարարություններին ու պահանջներին, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին օրենսդրության փոփոխությանը. «Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները ՀՀ օրենսդրական դաշտի մասին մեր ինքնիշխանության խախտում են ու միջամտություն մեր երկրի ներքին գործերին։ Փորձերը մեկնաբանելու, թե ՀՀ օրենսդրությունում խաղաղության պայմանագիր կնքելու համար խոչընդոտներ կան, իրականության հետ որևէ կապ չունեն։ ՀՀ օրենսդրության մեջ խաղաղության պայմնաագրին խոչընդոտող որևէ դրույթ չկա, սա նաև փորձագիտական գնահատական է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կառավարության քաղաքականությունն է՝ բանակցությունների միջոցով կանխել հնարավոր բացասական զարգացումները ու կանգնել ՀՀ լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում։

Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։

Մեկնաբանել