Զայրույթ և վիշտ․ Նավալնիի մահը և Հայաստանում ու Վրաստանում բնակվող ռուսների ցույցերը

Թաթա Շոշիաշվիլի և Արշալույս Բարսեղյան, OC Media
Հայաստանում և Վրաստանում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց այն բանից հետո Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում։
Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ Նավալնին, որին հաջողվել էր ողջ մնալ նյարդային համակարգը պարալիզացնող «Նովիչոկ» նյութով թունավորվելուց հետո նախքան 2021-ին բանտարկվելը, մահացել է ուրբաթ օրը։
Ուրբաթ երեկոյան՝ Նավալնիի մահվան մասին լուրերի հրապարակումից ընդամենը ժամեր անց, Թբիլիսիում, Բաթումիում և Երևանում տեղի ունեցած ցույցերը նախաձեռնել են ռուսաստանցիները՝ զայրացած և արցունքներն աչքերին։
Երևանում ցուցարարները հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ, ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ շենքին։

Հավաքվածները վանկարկել են Նավալնիի անունը, հակապատերազմական և հակապուտինյան և այլ կարգախոսներ հնչեցրել, վանկարկել՝ «Ռուսաստանն ազատ կլինի»։
«Ես զայրացած եմ։ Ես հիմնականում զայրացած եմ, հետո տխուր»,- OC Media-ին ասել է Նիկոլայ անունով մի ցուցարար՝ հավելելով, թե երախտապարտ է, որ Հայաստանում կարողանում է բացահայտ արտահայտել իր զգացմունքները։
«Մենք դա սպասում էինք, սակայն զգացմունքները նախկինի պես մնում են՝ բարկություն, զայրույթ, վիշտ»,- ասել է Միխայիլ Երշով անունով մեկ այլ ցուցարար:


«Այսօր մեծ ցավով տեղեկացանք սարսափելի լուրի մասին, որ Նավալնիին սպանել են բանտում,- ասել է մեկ այլ ցուցարար՝ Դարինա Մայադսկայան։ «Չկարողացանք տանը մնալ, և կարծում եմ, որ այստեղ բոլորը հասկացել են, որ պետք է իրենց ցավակցությունն ու աջակցությունը հայտնեն միմյանց,- հավելել է նա,- Ինձ համար, ինչպես շատ մարդկանց համար, սա կարծես վերջին հուսահատ քայլ է, որը հայտնվում է միայն սարսափելի մղձավանջներում»:
Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնի մոտ։ Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո։


Ցուցարարներից մեկը, որը խնդրել է չնշել իր անունը, OC Media-ին ասել է, որ Նավալնիի մահը ցնցող էր իր համար:
«Ի՞նչն է ինձ բերել [այստեղ]: Դա ցնցումն է, քանի որ ամեն ինչ ունի իր սահմանները,- ասել է նա-, Մենք՝ ռուսներս, շատ երկար ենք դիմանում, բայց անդառնալիության ինչ-որ կետ կա»։
Նա ասել է, որ անհանգստացած է Ռուսաստանում մնացած քաղբանտարկյալների ճակատագրով։
«Նավալնին երեկ իրեն հիանալի էր զգում, փետրվարի 12-ին նա հանդիպել էր մոր հետ և լավ տեսք ուներ, կատակել է և այլն։ Սա պարզապես նշանակում է, որ նրան սպանել են, ինչպես Բորիս Նեմցովին»,- ասել է նա:
Բորիս Նեմցովը լիբերալ քաղաքական գործիչ էր և Վլադիմիր Պուտինի մոլի քննադատը, որին հրազենի կրակոցով սպանել են 2015-ին Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում գտնվող փողոցներից մեկում:
Քաղաքական արձագանքներ
Նավալնիի մահվան լուրից հետո արևմտյան երկրների և կառույցների ղեկավարները, ներառյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԵՄ-ի նախագահ Շառլ Միշելը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, շտապեցին Նավալնիի սպանության համար մեղադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
Alexei @navalny fought for the values of freedom and democracy. For his ideals, he made the ultimate sacrifice.
— Charles Michel (@CharlesMichel) February 16, 2024
The EU holds the Russian regime for sole responsible for this tragic death.
I extend my deepest condolences to his family. And to those who fight for democracy around…
Չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև աճող տարաձայնություններին, Հայաստանի իշխանությունները մինչ այժմ լռել են այս հարցում, ինչպեսև լռել են Ադրբեջանի իշխանությունները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արագ է արձագանքել՝ Նավալնիի մահն անվանելով «ողբերգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր պաշտպանների համար»:


Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն, ավելի պակաս պարզորոշ է արտահայտվել այս հարցում: Լրագրողների հարցին, թե արդյոք Նավալնին Պուտինի վերջին զոհն էր, կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն պատասխանել է, որ «իհարկե», ինչից հետո խոսել է Վրաստանի ընդդիմության մասին։
«Մենք չպետք է մոռանանք, որ, ցավոք սրտի, դա մեզ հիշեցնում է հարյուրավոր բանտարկյալների մասին, որոնք մահացել են մեր բանտում մինչև 2012-ը»,- ասել է նա։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, լրագրողների հարցին ի պատասխան, միայն ասել է, որ «այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի կարող անել»։
Վրաստանի ընդդիմության առաջնորդներն ավելի անկեղծ են արտահայտվել։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում գովաբանում է Նավալնիին, որ վերադարձել էր և «պայքարում էր Պուտինի բռնապետության և մարդասպան ռեժիմի դեմ»՝ չնայած իր կյանքին սպառնացող վտանգին։ «Պուտինը վախկոտ կերպով վերացնում է իր բոլոր քաղաքական հակառակորդներին՝ այդպիսով սպանելով Ռուսաստանում ժողովրդավարության ցանկացած հեռանկար»,- ասվում է հայտարարությունում։
Կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բանտում պատիժ է կրում իշխանությունը չարաշահելու համար, գրել է. «Նավալնին չկա։ Արդյոք ե՞ս եմ հաջորդը Պուտինի կողմից մահապատժի ենթարկվողների հերթում»։
«Ես հաճախ համաձայն չէի նրա հետ, և Պուտինը մեզ հաճախ էր համեմատում և հավասարապես ատում երկուսիս»,- հավելել է նա։
Ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան X սոցցանցի իր էջում գրել է, որ Նավալնիի մահը «վկայությունն էր Ռուսաստանի և Պուտինի իսկական, դաժան, անխիղճ էության»։
#Navalny’s death is a testament to the true, brutal, callous nature of #Russia and #Putin.
— Helen Khoshtaria (@Helenkhosh) February 16, 2024
The #Kremlin is a death machine that must be compelled.
Whatever your thoughts about his political positions, Navalny gave his life for what he believed was right.
ARM UKRAINE NOW to…
Վրաստանի նախկին վարչապետ, իսկ այժմ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ցավակցել է Նավալնիի ընտանիքին և ընկերներին՝ գրելով, որ նրա մահը բանտում «ռուսական հարատև արդիականացված տոտալիտարիզմի դաժան խորհրդանիշն է»։
«Այն սպանում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Այն վտանգ է ներկայացնում ինչպես մարդկության, այնպես էլ միջազգային անվտանգության համար»,- գրել է նա։
Տեղադրություն
Civilnet










