Գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի մտահղացումն էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը դարձնել Գիրք նվիրելու օր, դրան ավանդույթի ուժ հաղորդել ու դարձնել համաժողովրդական։ Հետո այդ մտահղացումը դարձավ նրա ծրագիրը, սևեռումը և երազանքը։
– Ինչո՞ւ հենց Թումանյանի ծննդյան օրը, – մի անգամ հարցրեցի Լևոնին։
Պատասխանը եղավ այն, ինչ հարցնելիս մտքիս կար՝ Չարենցի տողը․
– Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։
Բայց այդ պահին հիշեցի Թումանյանի մասին մեկ այլ հանճարեղ հայի խոսքը։ Դեռևս 1990 թվականին տված իր հարցազրույցում Հրանտ Մաթևոսյանը մեծ հայրենակցի մասին ասում է․ «Ազատության ու անկախության մեր եզակի կուռքը Հովհաննես Թումանյանն է, որովհետև ռուս ու համաշխարհային մշակութաքաղաքական մտքի հետ նրա զրույցն է հավասարների զրույց, մնացյալը՝ երախտավորների ու երախտագետների»։
Հեշտ չէ նոր տոն հորինել ու այն դարձնել ընդունելի ժողովրդի, հասարակության համար, սակայն Լևոն Անանյանի երազանքը, կարելի է ասել, այսօր մասնակիորեն իրականություն է դարձել։ Կարևոր է, որ այս նոր ավանդույթը համակելու և տարածվելու միտում ունի, և տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են համակվում հարազատներին, գործընկերներին, համակուրսեցիներին գիրք նվիրելու գաղափարով։ Չորս տարեկան թոռնիկս խնդրեց, որ օգնեմ իրեն գիրք ընտրել մանկապարտեզի ընկերներից մեկի համար։
– Ինչո՞ւ ես ուզում հենց Եվային նվիրել,- հետաքրքրվեցի։
Պարզվեց՝ վիճակահանության թուղթ են քաշել և պատահականության սկզբունքով ընտրել նրան, ում նվիրելու են գիրքը։ Ուրախացա, որ գիրք նվիրելու ավանդույթը մանկապարտեզ էլ է հասել, իսկ ավելի ուշ իմացա, որ այն համատարած է, և այս տարի գրեթե բոլոր մանկապարտեզներում ու դպրոցներում են երեխաները միմյանց, ուսուցիչներին կամ դպրոցի գրադարանին գիրք նվիրելու։
Բացի այդ, այս տարի ոչ միայն Թումանյանի ծննդայան օրն է լինելու գրքի տոն, այլ գրեթե ողջ շաբաթը։ Դրան նպատող հավանաբար երկու պատճառ ու առիթ կա։ Առաջինը, որ տարին Թումանյանի համար հոբելյանական է, լրանում է մեր մեծագույն գրողի ծննդյան 155 տարին, և երկրորդը, որ մարդիկ կարողանան իրենց ավելի հարմար օր մասնակից դառնալ տոնին։
Հաճելի է տեսնել, որ Երևանի ոչ մեծ թվով գրախանութների դռների ու դրամարկղների մոտ հարթեր են, ինչպես սուպերմարկետներում ամանորի նախատոնական օրերին։
Ի՞նչ գրքեր են գնում ու միմյանց նվիրում մարդիկ։ Այս հարցը գուցե ոչ ամենա, բայց և անկարևորներից չէ։
Ինչպես ողջ տարվա ընթացքում, այնպես էլ գիրք նվիրելու օրերին ամենաշատը վաճառվում է մանկական գրականությունը։ Եվայի համար ընտրեցինք «Մանկական ոտանավորների ընտրանի» ժողովածուն։ Պարզ է, որ երեխաները միմյանց ավելի շատ հայ ու այլազգի հեքիաթագիրների գրքեր են նվիրում, Հարի Փոթերի հատորները կամ համաշխարհային մանկական բեսթսելերներ դարձած այլ գործեր, նկարազարդ ալբոմներ, խաղ-գրքեր և այլն։ Այստեղ ամեն պարագայում գերիշխողը գեղարվեստական գրականությունն է։
Միանգամայն այլ է վիճակագրությունը երիտասարդության պարագայում։ Այստեղ գերիշխողը ուսումնական ձեռնարկներն են, բայց ավելի շատ այսպես կոչված «մոտիվացիոն» գրականությունը։ Դեռևս մեկ-երկու տարի առաջ այդպիսի գիրք նախընտրողը պիտի սահմանափակվեր դրսի որևէ հեղինակի կա՛մ բնագրով, կա՛մ թարգմանված գրքի ընտրությամբ։ Բայց վերջին մեկ-երկու տարում ի հայտ եկան նաև հայ հեղինակների այդպիսի գրքեր և հեղաշրջման պես մի բան առաջացրեցին գրաշուկայում։
Ժամանակակից գեղարվեստական գրքերի հեղինակները, նաև արժեքավոր գրքեր ստեղծողները դեռևս փոքր-ինչ տարակուսանքով ու գուցե նույնիսկ մարդկային նախանձով են վերաբերվում այս հեղաշրջմանը։ Բայց հարկ չկա ոչ նախանձելու և ոչ էլ տատամսելու։ Աշխարհում ամենուր է այդպես։ Պարզ է, որ «Ինչպես արագ աշխատել առաջին միլիոն դոլարը» կամ «Ինչպես դառնալ գլոբալ առաջնորդ» գրքերը հարյուրապատիկ, եթե ոչ հազարապատիկ ավելի մեծ պահանջարկ են ունենալու, քան գեղարվեստական գիրքը։ Ինքնին հասկանալի է նաև, որ այդ գրքերը գնող հազարներից քչերն են դառնալու կամ գուցե ոչ-ոք չի դառնալու ո՛չ միլիոնատեր ու ո՛չ էլ գլոբալ առաջնորդ, բայց այդ ձգտման մեջ պախարակելի ոչինչ չկա։ Պարզապես պետք չէ խառնել նման գայթակղիչ առաջարկ պարունակող գրականությունը գեղարվեստական գրքի, գրական արժեքի հետ ու գրողի աչքը մտցնել այս անտեղի համեմատությունը։
Թե՛ հրատարակչությունները և թե՛ գրավաճառները փաստում են, որ գեղարվեստական գրքերի մեջ ընտրություն անելիս գնորդն ավելի շատ նախապատվությունը տալիս է արձակին։ Այդպես է ողջ տարվա ընթացքում, բայց ամեն տարի այս օրերին նաև պոեզիա ներկայացնող գրքեր նույնպես շատ են վաճառվում։ Գիրք նվիրելու օրերին պոեզիա նախընտրողները հիմնականում նույնպես երիտասարդներ են, սիրահար զույգեր։ Ուրախալի է, որ նրանք միմյանց ոչ միայն Տերյանի, Չարենցի, Սևակի գրքերն են նվիրում, այլև՝ իրենց ժամանակակիցների, իրենց կողքին ապրող բանաստեղծների։
Այո, գիրք նվիրելը դառնում է ավանդույթ, և այդ ավանդույթն ավելի ու ավելի մեծ մասշտաբներ է ընդունում։ Մնում է հուսալ, որ նվիրված գիրքը չի մնա սոսկ հուշանվեր ու չի մնա գրապահարանում կամ տան մեկ այլ անկյունում ու չի թախծի բացված լինելու, ընթերցվելու հավերժական սպասումով։