Փետրվարի 19-ին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես, հայ-ադրբեջանական բանակցությունների թեմային։
«Անկասկած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը մեր տարածաշրջանում և աշխարհում կայունության, խաղաղության համար նոր հույսի աղբյուր կհանդիսանա, և մենք այդ գործընթացում Ադրբեջանի հետ ուս-ուսի առաջ ենք շարժվում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության համար պատմական հնարավորության պատուհան է բացվել և շատ կարևոր է, որ այն չփակվի։ Հավատում եմ, որ Հայաստանը, մտածելով երկարաժամկետ կտրվածքով, այդ գործընթացը ռազմավարական հեռանկարի տեսանկյունից կգնահատի»,- ասել է Էրդողանը։
Նա նաև ուղերձ է հղել հայ-ադրբեջանական բանակցություններով հետաքրքրված մյուս երկրներին՝ ասելով հետևյալը․ «Երրորդ կողմերին էլ այդ գործընթացը թունավորելու փոխարեն հրավիրում ենք կառուցողական ներդրում ունենալ»։
Թուրքիայի նախագահը անդրադարձել է օրերս Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձություններին և հույս հայտնել, որ դրանք «չեն կրկնվի»։
Փետրվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։ Սա նրա առաջին այցն է երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո։ Ըստ տեղեկությունների՝ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, հայ-ադրբեջանական օրակարգին վերաբերող թեմաներ։