ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով. Վ. Օսկանյան

Պարոն Օսկանյան, այսօր ԱԱԾն Ձեզ հրավիրել էր մեղադրանք ներկայացնելու և հարցաքննության, և Դուք կրկին հրաժարվել եք ցուցմունք տալ: Ինչո՞ւ:

-Նախ ասեմ, որ ես ընդամենը մեկ կարևոր հարցի եմ պատասխանել այն մասին, թե արդյոք ես ընդունում եմ իմ մեղքը՝ թեկուզ մասնակի: Իմ պատասխանը եղել է, որ բացարձակապես չեմ ընդունում: Հետևապես, ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տվել:

Բայց Ձեր անձեռնմխելիությունը վերցնելու և գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար իշխող կուսակցության հիմնավորումն այն էր, որ հնարավորություն ստեղծվի՝ Դուք ապացուցեք Ձեր անմեղությունը:

-Այդ հիմնավորումն ամենամեծ անհեթեթությունն էր և լավագույն ապացույցը այն բանի, որ այս գործը քաղաքական պատվեր է: Ես վստահ եմ, որ մեր օրենսդիրները լավ գիտեն, որ մեղքը պետք է ապացուցի մեղադրողը և ոչ թե մեղադրյալը: Երկրորդ, մեր քրեական օրենսդրության հիմքում դրված է անմեղության կանխավարկածը, որը և ենթադրում է, որ օրենսդիրները մեղադրանքի կապակցությամբ դատախազից պետք է պահանջեին իրենց մտքում որևէ կասկած չթողնող ապացույցներ և նոր միայն համաձայնեին ինձ անձեռնմխելիությունից զրկել: Դա տեղի չունեցավ, որովհետև ակնհայտորեն իջեցվել էր քաղաքական պատվեր:

Դուք ասում եք՝ քաղաքական պատվեր, հետապնդում: Ըստ Ձեզ՝ դա կապվա՞ծ է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Առհասարակ, այն պահից ի վեր, երբ Դուք վերադարձաք մեծ քաղաքականություն, անընդհատ խոսվում է նախագահական ընտրություններում Ձեր հնարավոր առաջադրման մասին: Վերջիվերջո, կուսակցությունը Ձեր թեկնածությունը առաջ քաշելո՞ւ է, թե՞ ոչ:

-ԲՀԿ-ի՝ սեփական թեկնածուով մասնակցելու վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը: Նախ, կուսակցությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի ընդունել: Այնպես որ, այն, ինչ ասելու եմ՝ իմ անձնական կարծիքն է: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ և մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, և ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա մինաշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը:

Չե՞ք կարծում, որ սեփական թեկնածուով գնալու դեպքում կուժեղանան ճնշումները Ծառուկյանի, Ձեր և ընդհանրապես ԲՀԿի նկատմամբ:

-Գիտե՞ք, հարցին պետք է նայել երկրի շահերի տեսանկյունից: «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությունից միմիայն կշահի Հայաստանը, մեր ժողովրդավարությունը, ժողովուրդն իսկական այլընտրանք կունենա, և միջազգային հանրությունը մեզ կվերաբերվի որպես ժողովրդավարության իսկական ճանապարհ բռնած երկրի: