Մոսկվայում ադրբեջանցի բլոգեր է ձերբակալվել․ ըստ պնդման՝ «Հայաստանի պահանջով»

Մոսկվայում ձերբակալված Քամիլ Զեյնալլըն պնդում է, թե իրեն բերման են ենթարկել Հայաստանի պահանջով։ Նրա անունը շրջանառվում է 2020թ․ Հադրութում հայ մարդու գլխատման և Մոսկվայում հայերի դեմ բռնությունների պատմություններում։

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլըն, այդ մասին վերջինս հայտնել է իր տեսաուղերձում փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը։

Նրա խոսքերով՝ ռուսաստանցի իրավապահները իրեն բերման են ենթարկել Բաքու մեկնելիս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և հայտնել, թե նա հետախուզվում է Հայաստանի կողմից։

Ըստ Զեյնալլըի՝ ռուսաստանցի իրավապահները հնարավոր են համարել իր արտահանձնումը Հայաստան՝ նշելով, թե այսօր կանգնելու է դատարանի առջև։ Վերջինս տեսաուղերձում օգնություն է հայցում Ադրբեջանի իշխանություններից։

ՀՀ դատախազությունը, պատասխանելով «Սպուտնիկ Արմենիայի» հարցին, թե Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Քամիլ Զեյնալլըի նկատմամբ, հայտնել է, որ նման պաշտոնական տեղեկության չի տիրապետում։

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը. «Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։

Կատարվածին արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության ներքո և խոստացել հաջորդիվ հանդես գալ հավելյալ տեղեկություններով։

Տելեգրամյան և թվիթերյան մի շարք էջեր Քամիլ Զեյնալլըին են վերագրում 2020 թվականին Հադրութում արցախցի տարեց մարդու գլխատումը։

War Rage էջը նույնականացրել է Զեյնալլըին՝ գրելով, որ հենց նա է գլխատողը։

Կան նաև տեղեկություններ, որ վերջինս ներգրավված է եղել Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներում դեռ 2020 թվականի հուլիսին։ Նա հայտարարել էր, որ «նախագահը [Ալիևը] իրենց հետ է»։

Մեկնաբանել