Տարոն Չախոյանը մոլորեցնում է Սահմանադրության փոփոխության հարցում

սահմանադրական փոփոխություններ

#CivilNetCheck, Շուշան Ստեփանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը փետրվարի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Սահմանադրության մասին վարչապետ Փաշինյանը խոսել է դեռ 2020-ի փետրվարին՝ պատերազմից առաջ։ Ըստ Չախոյանի՝ սա հիմնավորում է, որ թեզը, թե Սահմանադրությունը փոխել պարտադրում են Թուրքիան և Ադրբեջանը, կեղծ է։

«Եթե հիմա Ադրբեջանն է ստիպում փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչպես ոմանք պնդում են, պատերազմից առաջ ո՞վ կամ ի՞նչն էր ստիպում Հայաստանին գնալ Սահմանադրությունը փոխելուն»,- գրել է Տարոն Չախոյանը։

#CivilNetCheck-ը ներկայացնում է, թե ինչու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի այս գրառումը մոլորեցնող, և նախկինում ինչ հայտարարություններ են հնչել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։

2020-ի պատերազմից առաջ Սահմանադրության փոփոխությունը վերաբերում էր դատական համակարգին

2020-ին իշխանությունն առաջարկում էր հանրաքվեի միջոցով փոխել Սահմանադրական դատարանի մոդելը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգում փոփոխություններ անել։

Սահմանադրության՝ անվտանգության, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում «ավելի կենսունակ» դարձնելու վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են 2023-ից հետո։

Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ նոր հայտարարությունները

2023-ի օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագիրն ընդունելու 33-ամյակի օրը, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել էր, որ հռչակագիրը կարիք ունի «խորը քննության»։

2024-ի հունվարի 19-ին Արդարադատության նախարարությունում վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության` պնդելով, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ բոլորովին նորն ընդունել։ Ըստ Փաշինյանի՝ նոր Սահմանադրությունը Հայաստանը ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում։

2024-ի հունվարի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փաստացի հաստատել էր, որ Ադրբեջանը պահանջներ ունի Հայաստանից Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ Միրզոյանը հայտնել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում իրավական խնդիրներ են տեսել և ներկայացրել։

Սահմանադրությունը փոխելու առաջարկի մասին Փաշինյանը վերջերս կրկին խոսեց Հանրային ռադիոյի հետ հարցազրույցում և գործող Սահմանադրությունը համեմատեց կարմիր զգեստի հետ․ «Ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք»։

Ադրբեջանի հայտարարությունները՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ

Դեռ 2021-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն, քանի որ ներկայիս տարբերակում Թուրքիայից տարածքային պահանջներ կան։

2024-ի հունվարի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հնչեցրած հայտարարություններին։ Պատասխանում, մասնավորապես, ասվում էր․ «Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավար Մարկետա Պեկարով Ադամովը, հայկական կեղծ պատմությունների վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն, պետք է հարց տա, թե երբ Հայաստանը կվերացնի իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տարածքային պահանջները հարևանների նկատմամբ»:

2024-ի փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ադրբեջանի նախագահը վերընտրվելուց անմիջապես հետո՝ փետրվարի 14-ին, իր երդմնակալության արարարողությանը հաջորդած ելույթում դարձյալ խոսել էր Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին՝ նշելով, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չփոխի։

Փետրվարի 19-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունն էր տարածել, որում կրկին նշված են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներ՝ «Հայաստանի Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից պետք է հեռացնել այն դրույթները, որոնք արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները»։

Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները

Սահմանադրության փոփոխության և սահմանադրական փոփոխությունների բովանդակության վերաբերյալ հեղափոխական իշխանությունների դիրքորոշումները գրեթե ամեն տարի փոփոխվել են՝ հաճախ հայելային կերպով։

Այսպես, 2018-ի հեղափոխությունից հետո ակտիվորեն քննարկվում էր Սահմանադրությունը փոխելու, կառավարման մոդելի, դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցեր։ 2019-ի դեկտեմբերի 30-ին արդեն Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց սահմանադրական բարեփոխումների հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու մասին։

Հետագայում, սակայն, պարզ դարձավ, որ իշխանությունները հակված չեն փոխել Սահմանադրությունը և կառավարման համակարգը․ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հուլիսի 17-ին հայտարարեց, որ սխալ է համարում սահմանադրության հաճախակի փոփոխությունը, և որ խորհրդարանական կառավարման համակարգին պետք է «շանս տալ»։

Հաջորդ տարի կարծիքը կրկին փոխվեց՝ 2020-ի հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում, վարչապետ Փաշինյանը նշեց, որ նոր Սահմանադրությունը պետք է ստեղծվի «ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու հագով», այլ «ժողովրդի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու» ռազմավարական հարցը պետք է լուծի։

44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու և կիսանախագահական համակարգի անցնելու հնարավոր տարբերակի մասին։

Արդեն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո՝ 2021-ի հունիսի 5-ին Սահմանադրության օրվա առիթով վարչապետի ուղերձում խոսք չկար Սահմանադրությունը փոխելու մասին։ Հաջորդ տարվա՝ 2022-ի ուղերձում վարչապետ Փաշինյանը նշում էր սահմանադրական բարեփոխումների մասին՝ սակայն առանց աշխարհաքաղաքական ենթատեքստի՝ համոզմունք հայտնելով, որ պետք է պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։

Անվտանգության, ռեգիոնալ նոր պայմանների վերաբերյալ խոսույթները վերջերս են ավելացել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քննարկումների համատեքստում։

Այսպիսով, Տարոն Չախոյանի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրություն ընդունելուն անդրադարձել է դեռ պատերազմից առաջ, և Սահմանադրությունը փոխելու որոշման վրա չեն ազդել Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումները, մոլորեցնող է։

Փաշինյանը պատերազմից առաջ իսկապես խոսել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, բայց հիմնական պատճառը եղել է դրանում Սահմանադրական դատարանի մոդելի փոփոխությունը, ոչ թե անվտանգային և տարածաշրջանային խնդիրները։

Մեկնաբանել