Փաշինյանը Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետի պատվիրակության կազմում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 21-ին, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի ուղեկցությամբ, տեղի է ունենալու փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։ Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքանդր Դյուման և այլք»,- ասված է հաղորդագրությունում։

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Մեկնաբանել