Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլըն ազատ է արձակվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստաբանը հայտնել է, որ Զեյնալլըն այսօր կվերադառնա Բաքու։ Նրա ազատ արձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ։
Քամիլ Զեյնալլըն փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերն իր տեսաուղերձում հայտարարել էր, որ ռուսաստանցի իրավապահները իրեն բերման են ենթարկել Բաքու մեկնելիս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և հայտնել, թե նա հետախուզվում է Հայաստանի կողմից։
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով․ «Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասել է ՀՀ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Տելեգրամյան և թվիթերյան մի շարք էջեր Քամիլ Զեյնալլըին են վերագրում 2020 թվականին Հադրութում արցախցի տարեց մարդու գլխատումը։ Կան նաև տեղեկություններ, որ վերջինս ներգրավված է եղել Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներում դեռ 2020 թվականի հուլիսին։ Նա հայտարարել էր, որ «նախագահը [Ալիևը] իրենց հետ է»։