Գլխավոր Լրահոս

Շուշիի ոլորաններով՝ վերջին անգամ

Շուշիի ոլորաններով՝ վերջին անգամ

Անուշ Պետրոսյան

Շուշի՛,

Գիտեմ՝ դու էլ ես մրսում,

Կարոտում ես ու սպասում։

Աղոթում ես, հավատում,

Աչքդ ճամփից չես կտրում։

Նեղացել ես մեզանից,

Դառնացել ես աշխարհից,

Քեզ լավ նայիր, ի՛մ Շուշի,

Մինչ գա վերջը մշուշի։

Ամենուր ցուրտ ու խավար,

Ես սպասում եմ անդադար,

Թե երբ կբացվի մեր տան

Անվերջ երկարող ճամփան։

Այսքան անձյուն, անձմեռ,

Ինչքա՞ն պիտի մրսեմ դեռ։

Ե՞րբ պիտի վերադառնամ,

Քո ցրտերում տաքանամ։

Շուշին և ձմեռը

Իմ կյանքի արդեն չորրորդ ձմեռն է, որն անցում է Շուշիից հեռու։ Երբ ասում են ձմեռ, ես պատկերացնում եմ Շուշիի ձյունը։ Այն մի տեսակ ուրիշ էր` կախարդական ու հեքիաթային։ 

Շուշին հայտնի է իր ցուրտ եղանակով։ Ձմռանը մայրաքաղաք Ստեփանակերտից կամ այլ տեղերից Շուշի այցելողները բողոքում էին քաղաքի ցրտից։ Փոխարենը ամռանը Շուշիում զով արքայություն էր տիրում։ Մարդիկ գալիս էին հովի և հանգստության հետևից։ 

Շուշիի ձյունը, քամին, շունչը, անգամ ցեխը ամենահարազատն էին և ամենաիմը։ Չգիտեմ, թե որն է իմ և Շուշիի միջև այդքան յուրահատուկ կապի պատճառը` այն, որ Շուշին իմ քաղա՞քն է, թե՞ այն, որ այդ քաղաքի ամեն ինչն իսկապես գերբնական է։ Իսկ գո՞ւցե այն, որ հարազատ քեռիս իմ ծնվելուց առաջ զոհվել էր Շուշիի համար․․․

Մտածում եմ՝ ինչքան գեղեցիկ կլինի Շուշին, եթե իրեն նայես վերևից։ Հետո հիշում եմ, որ ախր Շուշին հենց ինքն էր ամենավերևում։ Ինչ փոքր էինք մենք Շուշիի երկնային ֆոնին․․․

Երբ Շուշին մարդաշատ էր

Տարվա մեջ մի քանի օր Շուշին իսկապես մարդաշատ էր։ Մայիսի 9-ին Շուշին զուգվում, զարդարվում էր, որովհետև բարձրաստիճան հյուրերի պետք է դիմավորեր։ Նեղվում էի, որ երեկոյան տոնական համերգը Շուշիում չէր անցկացվում․ չէ՞ որ դա հենց մեր քաղաքի ազատագրման օրն էր։ 

Մյուս երկու բազմամարդ օրերը եկեղեցական էին։  Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին սովորականից ավելի վեհ էր և հանդիսավոր։ Ստեփանակերտից, շրջաններից, նույնիսկ արտերկրից էին մարդիկ գալիս պատարագին մասնակցելու։ Կարծես Շուշին հյուրեր ընդունել շատ էր սիրում։ Հյուրերն էլ Շուշին էին սիրում։   

Մյուս մարդաշատ օրը Սուրբ Հարության տոնն էր, որը միշտ գարնանն է լինում։ Այդ օրը Շուշին է՛լ ավելի էր գեղեցկանում, գարնանային շունչ ստանում։ Այնպիսի տպավորություն էր, որ Ղազանչեցոց եկեղեցու աղոթքներն ավելի հեշտ էին տեղ հասնում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ շուտով այնտեղ հնչող աղոթքները կդադարեն, իսկ Ղազանչեցոցը կդառնա հերթական ռմբակոծված հայկական եկեղեցին։ Այն Ղազանչեցոցը, որի հանդիսավոր բացմանը 1999-ին պատիվ եմ ունեցել ներկա լինելու հայրիկիս գրկում։ Նույնիսկ տարիներ անց, երբ դպրոցական էի ու որպես կամավոր մասնակցում էի արցախյան 700 զույգերի  ամուսնության կազմակերպչական աշխատանքներին, էլի չէի գիտակցում, թե ինչ մեծ իրադարձության փոքրիկ մասնիկն եմ ես։

Շուշիի ոլորանները

Շուշի այցելող հյուրերը սովորություն ունեին ճանապարհին կանգնել, որ տանկ-հուշարձանի մոտ լուսանկարվեն։ Տարիներ անց, երբ կորցրինք Շուշի բերդաքաղաքը, նրա ոլորաններով Երևան կամ Հայաստանի որևէ բնակավայր գնալը շուշեցիների համար դարձավ իսկական մղձավանջ։ Զարհուրելի զգացողություն է, երբ անցնում ես քո տան կողքով, բայց իրավունք չունես մտնելու։ Իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախից գաղթող հարյուր հազար հայերը ստիպված եղան վերջին անգամ անցնել Շուշիի ոլորաններով։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ տարիների ամենօրյա ճանապարհը մի օր կդառնա գաղթի ճանապարհ՝ անվերադարձ և ահասարսուռ։ 

Առաջին անգամ, երբ զգացի որ կորցրել եմ Շուշին․․․

44-օրյա պատերազմն արդեն ավարտվել էր։ Հայրիկս էլ չկար։ Ես ու մայրիկս Երևանից եկանք Ստեփանակերտ նոր կարգավիճակով՝ «տարհանված»։ Տեղավորվել էինք Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Աշխատանքից այդ օրը անտրամադիր էի դուրս եկել։ Այդ օրերին անհնար էր լավ տրամադրություն ունենալը։ Իներցիայով հասա Ստեփանակերտի «Կոլցևոյի» կանգառը, որտեղից սովորականի պես պետք է դիմավորեի Շուշիի 301 համարի կապույտ ավտոբուսը և տուն գնայի։ Նախկինում, երբ անտրամադիր էի լինում, հենց տեսնում էի այդ ավտոբուսը, տրամադրությունս բարձրանում էր։ Չէ՞ որ երբ տուն ես գնում, մոռանում ես առօրյա խնդիրներդ։ Հենց հասնում էինք Շուշիի տանկ-հուշարձանի մոտ, քամին փչում էր ավտոբուսի պատուհաններից, ու ես ամբողջ մարմնով զգում էի, որ տանն եմ։ Տուն հասնելու համար վճարում էի ընդամենը 200 դրամ։ 

Բայց այլևս տուն գնալն այդքան էժան ու հեշտ չէր։ Այդ օրը 301 համարի կապույտ ավտոբուսն այդպես էլ չեկավ։ Ավելին՝ դրանից հետո և ոչ մի անգամ 301 համարի կապույտ ավտոբուսն այդպես էլ չեկավ։ Ես այդպես էլ տուն չգնացի։ Ես այդպես էլ չիմացա՝ ինչ վիճակում է հայրիկիս աճեցրած այգին, ով քաղեց իմ պաշտելի մանուշակները, ով կերավ մեր այգու կանաչ խնձորները և հավաքեց այդ տարվա առատ պոպոքը, ինչ եղավ մեր բակի հարևանի միշտ հաչացող շան հետ․․․ Կանգնել էի Ստեփանակերտի «Կոլցևոյում»՝ շվարած ու դառնացած։ Առաջին անգամ մարմնիս բոլոր բջիջներով զգացի կատարված ողբերգությունը։ Մինչ այդ տաք էի, մտքերս խառն էին և ամբողջովին չէի ընդունում իրականությունը․․․

Հասկացա, որ կիրակի օրերին ես էլ չեմ քայլելու տնից մինչև Ղազանչեցոց, հետո մինչև Կանաչ ժամ։ Չեմ բարձրանալու Ջդրդուզ, որ մտքերս քամուն տամ ու նորոգված հոգով տուն վերադառնամ։ Ջերմուկ և լավաշ գնելու պատրվակով չեմ մտնելու ընկերուհուս ծնողների խանութը, ժամերով չեմ զրուցելու ինձ հարազատ մարդկանց հետ։ Չեմ զանգելու 047–73-ով սկսվող հեռախոսահամարներին։ Քաղաք այցելող զբոսաշրջիկներին չեմ բացատրելու Ջդրդուզ տանող ճանապարհը..․ Հասկացա, որ այլևս ոչինչ առաջվանը չի լինելու․․․

Երևանում 44 համարի կապույտ ավտոբուսը ճիշտ նույն տեսքն ունի, ինչ Շուշիի՝ մեզ տուն տանող 301 համարի ավտոբուսը։ Մի քանի անգամ նստել եմ, պտտվել քաղաքով, հասել մինչև Հարավարևմտյան թաղամաս։ Ամեն անգամ այդ ավտոբուսը տեսնելիս ներսումս ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, չնայած գիտեմ, որ Շուշի չի գնալու։ Մի քանի անգամ նստել եմ ու համոզվել․․․  

Անուշ Պետրոսյանը լրագրող է, որը 2020-ի պատերազմից հետո Շուշիից տեղափոխվել էր Ստեփանակերտ, իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումից հետո հաստատվել է Երևանում։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում