Ադրբեջանը մեկ տարում կորցրել է 260 զինծառայող

Լուսանկարը՝ Ազիզ Քարիմով/ Getty Images

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

2023 թվականի հունվարից ի վեր Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում կորուստները կազմել են առվնազն 260 զինծառայող։

Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտը (CDSI) հրապարակել է տարեկան զեկույց Ադրբեջանի զինված ուժերում և այլ ուժային կառույցներում կորուստների վերաբերյալ։ Բաց աղբյուրների և լրատվամիջոցների մոնիթորինգի տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2023-ին Ադրբեջանում զոհվել է առնվազն 260 զինծառայող։

Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2015 թվականին։ Գերմանիայում գործող հետազոտական այս կենտրոնն ամեն տարի զեկույցներ է հրապարակում Ադրբեջանի զինված ուժերում և ուժային կառույցներում կորուստների վերաբերյալ։

Հրապարակված զեկույցում նշվում է, որ առնվազն 2023-ին զոհված 260 ադրբեջանցի զինծառայողներից 212-ը մարտական կորուստներ են, իսկ 48-ը՝ ոչ մարտական։

«2023 թվականին հայկական գնդակից զոհվել է 208 մարդ, ականների պայթյունից՝ 4, ՃՏՊ-ներից՝ 8, հիվանդություններից՝ 9, անօրինական միջադեպերից՝ 2, զինված հարձակումներից՝ 2, անզգուշության հետևանքով՝ 1, դժբախտ պատահարներից՝ 6 մարդ։ Ինքնասպան է եղել 20 զինվորական»,- ասվում է զեկույցում։

Նաև նշվում է, որ 2023-ին տարբեր պատճառներով տուժել է ընդհանուր առմամբ առնվազն 536 ադրբեջանցի զինվորական, մեծամասամբ՝ «հայկական գնդակներից» և ականների պայթյունից։

Ըստ զեկույցի՝ ադրբեջանական կողմի զոհերի մեծ մասը՝ առնվազն 200 զինծառայող, զոհվել է 2023-ի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ։ Այս տվյալները համապատասխանում են Ադրբեջանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների հրապարակած պաշտոնական տվյալներին։

Ավելի վաղ CDSI-ն հայտնել էր, որ 2022-ն Ադրբեջանը կորցրել է առնվազն 145 զինվորական։ Ինստիտուտը դիտարկում է Ադրբեջանի զինված ուժերի կորուստները 2003 թվականից․ այս ընթացքում զոհվել է Ադրբեջանի 4 463 զինծառայող, որոնցից 3 582-ը մարտական ​​կորուստներ են, 881-ը՝ ոչ մարտական։ Տասը տարում վիրավորում է ստացել 13 000 ադրբեջանցի զինծառայող։

Հայկական կողմի կորուստները 2023-ին

Հայաստանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի՝ 2024-ի փետրվարի 6-ին հրապարակած տեղեկանքի համաձայն՝ 2023-ի ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում գրանցվել է 83 զինծառայողի մահվան դեպք։ Սա 19-ով կամ մոտ 30 տոկոսով ավել է նախորդ տարի՝ 2022-ին գրանցված 64 զինծառայողների մահերի թվից։

Տեղեկանքի համաձայն՝ 2023-ին մահվան 83 դեպքերի պատճառներն են՝

  • 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում
  • 17-ը՝ զենքի, ռազամթերքի, նյութերի հետ վարվելու կաննոնների խախտում
  • 14-ը՝ ավտովթար
  • 12-ը՝ առողջական խնդիրներ
  • 10-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
  • 7-ը՝ դժբախտ պատահար
  • 4-ը՝ սպանություն

Այս տեղեկանքում ներառված չէ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած մարտական գործողությունների և էթնիկ զտման հետևանքով զոհերի թիվը։

ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհայտ կորած: Ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ։

ՀՔԱՎ-ի ամբողջական տեղեկանքը՝ այստեղ

Մեկնաբանել