Եգիպտոսի նախագահը ներում է շնորհել դատապարտված հեղափոխականներին

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ներում է շնորհել հեղափոխական շարժման բոլոր մասնակիցներին, որ դատապարտվել կամ ձերբակալվել էին 2011թ. հունվարի 25-ից մինչև 2012թ. հուլիսի 30-ը. այս մասին հաղորդում է Itar—tass-ը:

Նախագահական երդման առիթով հայտարարված այս համաներումը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կատարել են քրեական կամ վարչական հանցագործություններ «հեղափոխական նպատակներով»՝ բացառությամբ կանխամտածված սպանությունների համար դատապարտվածների:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի հեղափոխության սկզբից և նախագահ Հոսնի Մուբարաքի՝ անցյալ տարվա փետրվարի 11-ի պաշտոնանկումից ի վեր երկրում ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ, որոնց գործը հասել էր դատարան: Մեկ անգամ չէ, որ զանգվածային ցույցեր էին կազմակերպվել նաև նախկին ռեժիմի տապալումից հետո. եգիպտացիները պահանջում էին, որ կամ Զինված ուժերի գլխավոր խորհուրդը իշխանությունը հանձնի քաղաքացիական ղեկավարների, կամ ուղղակի հրաժարական տա:

Շատերը «հունվարի 25-ի հեղափոխությունից հետո» ցույցերը համարում էին բողոքի լավագույն ձևը, իսկ ուժայինների հետ բախումներում հաճախ սպանվում կամ վիրավորվում էին մարդիկ, բախումները հրահրողները՝ հայտնվում ճաղերի հետևում:

Մեկնաբանել