ՀՕՊ հեռահար հրթիռները նույնպես Հայաստանի տրամադրության տակ կլինեն, եթե կարիքը լինի․ Սեբաստիան Լըկորնյու

Փետրվարի 23-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստանը և Ֆրանսիան երկու փաստաթուղթ ստորագրեցին։ Առաջինը ստորագրեցին Հայաստանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյունը, մյուսը՝ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն ու ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը։

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ասուլիսով։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտարարեց, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը ներառում է ոչ միայն սպառազինությունների մատակարարում, այլև վերապատրաստում։ Ըստ նրա՝ խոսքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում վերապատրաստումների մասին է։ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենա վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։

Լըկորնյուն հայտնեց, որ գիշերային տեսանելիության սարքերի առաջին խմբաքանակը փետրվարի 22-ին մատակարարվել է Հայաստան․ «Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են։ Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանին իր բանակի պաշտպանական ունակությունները հզորացնելու համար»։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նաև տեղեկացրեց, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել ռազմական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ։

Անդրադառնալով հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցին՝ Սեբաստիան Լըկորնյուն նշեց, որ «հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի»։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան այժմ կատարելագործում է իր ՀՕՊ համակարգը․ «Որքան մենք հզորացնում ենք մեր բազան, այնքան հայելային ձևով դա հնարավորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության համար։ Շատ արագ մենք կկարողանանք նոր բաներ առաջարկել։ «Միստրալ» հրթիռների մասին խոսել ենք այսօր։ Մենք առաջարկելու ենք նաև միջին և վերջին շերտի օդային պաշտպանություն»։

Սուրեն Պապիկյանն էլ իր խոսքում նշեց, որ Հայաստանը որդեգրել է սեփական զինված ուժերը արդիականացնելու քաղաքականություն, իսկ գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։

«Մենք ունենք և՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և՛, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ։ ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով: ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Անկախ նրանից՝ առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈւ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,-ասաց Պապիկյանը։

Մեկնաբանել