Իսրայելը մարտական պատրաստության է բերել հակաօդային պաշտպանության համակարգերը

Իսրայելը երկրի հյուսիսում մարտական պատրաստության է բերել հակաօդային պաշտպանության MIM-104 Patriot հրթիռային համակարգերը. այս մասին հաղորդում է Itar-tass գործակալությունը:

Փորձագետները դեռ որոշակի չեն կարողանում ասել, թե ինչու է մարտական պատրաստության մասին հրամանը արձակվել հատկապես հիմա: Նրանցից ոմանք կարծում են, որ դա առնչվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ «Սիրիայի իրադարձությունները զարգանում են ամենավատ սցենարով» հայտարարության հետ:

Նախկինում Patriot համակարգերը Իսրայելի տարածքում մարտական պատրաստության էին դուրս բերվում միայն ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում իրադրության կտրուկ լարման դեպքերում:

Եվ այնուամենայնիվ, Իսրայելի ռազմաքաղաքական շրջանակներում ճգնաժամ է նշմարվում՝ կապված այն փաստի հետ, որ հոկտեմբերի 6-ին երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու սարքը ոչնչացվել էր ուշացումով: Այն շուրջ կես ժամ հետախուզել էր երկրի տարածքը Նեգև անապատում, ուր տեղակայված են հրեական իշխանության միջուկային գաղտնի օբյեկտները: Անօդաչու սարքը ոչնչացվել էր Իսրայելի ռազմական օդուժի կողմից Գազայի ուղղությամբ Իսրայելի տարածք մտնելուց միայն կես ժամ հետո:

Մեկնաբանել