Լուսինե Վարդանյան
Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Այս կախվածությունը դրսևորվում է մի քանի գործոններով՝ ներկրվող գազ և հումք, էլեկտրաէներգիա արտադրող կայանների ակտիվներում ռուսական ընկերությունների մասնակցություն, բաշխիչ ցանցերի պատկանելություն ռուսական ընկերություններին, ձեռնարկությունների կառավարում։
Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր պատկերը
Հայաստանում 2022-ին արտադրվել է 8,9 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ 2023-ին՝ 8,45 մլրդ կՎտժ։ Սա ապահովել է էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը։ Էլեկտրաէներգիա է մատակարարվել նաև Վրաստանին և Իրանին։
Ընդհանուր առմամբ, 2023-ին Հայաստանի էներգետիկ համակարգի հզորությունը կազմել է 3 935 ՄՎտ։
Հայաստանում Էլեկտրաէներգիան արտադրվում է չորս տիպի կայաններում՝ ատոմային (Մեծամորի ատոմակայան կամ ՀԱԷԿ ՓԲԸ), հիդրո, ջերմային և վերջին տարիներին՝ վերականգնվող, մասնավորապես՝ արևային կայաններում։
Գործում է ՀԷԿ-երի երկու խոշոր համալիր՝ Սևան-Հրազդան կասկադը և Որոտանի ՀԷԿ-ը։ Փոքր ՀԷԿ-երի թիվը 187 է։

Ռուսական մասնակցությունը Հայաստանի էներգետիկ համակարգում
Հայաստանում էներգետիկայի բնագավառում ամբողջությամբ պետական մասնակցությամբ ընդամենը հինգ ընկերություն կա, որոնցից էլեկտրաէներգիա են արտադրում երկուսը՝ ՀԱԷԿ-ը և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն:
Մյուս երեք ընկերություններն են՝
– «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայությունների մատուցում,
– «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ՝ կարգավարական ծառայությունների մատուցում,
– «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ՝ շուկայի օպերատորի ծառայությունների մատուցում։
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում գործող հիմնական ընկերությունները
- ՀԱԷԿ
- Երևանի ՋԷԿ
- Որոտան Կասկադ
- Հրազդանի ՋԷԿ
- Սևան-Հրազդան Կասկադ
- Հրազդան-5 կայան
- Փոքր ՀԷԿ-եր
- Հողմային էլեկտրակայաններ
- Արևային էլեկտրակայաններ
- Հայաստանի էլեկտրական ցանցեր
- Բարձրավոլտ էլեկտրացանցեր
Կայանները, որոնցում կա ռուսական մասնակցություն
Սևան-Հրազդան Կասկադ
Հրազդան գետի երկայնքով ձգվող ՀԷԿ-երի կասկադն ունի յոթ ՀԷԿ՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1 և Երևան-3։ 2023-ին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ Սևան-Հրազդան կասկադի մասնաբաժինը կազմել է 4,7 տոկոս:
2003-ին ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով Սևան-Հրազդան Կասկադը 25 մլն դոլարի դիմաց տրվեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին, որը պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը։ 2011-ին այն գնեց «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ն, իսկ 2019-ին՝ «Տաշիր» ընկերությունը:
«Տաշիր» ընկերությունների խումբը ռուսական է, թեև դրա սեփականատերը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։
Հրազդանի ջերմաէլեկտրակայան – «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ
Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2023-ին Հրազդանի ՋԷԿ-ի մասնաբաժինը կազմել է 3,8 տոկոս:
2002-ի նոյեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը, որով Հայաստանը կուտակված մոտ 95 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնեց ռազմավարական հինգ օբյեկտ: Հրազդանի ջերմակայանը դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը, իսկ 2017-ին այն վաճառվեց «Տաշիր»-ին։
Հրազդան-5 կայան
Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն է: 2023-ին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ Հրազդան-5 կայանի մասնաբաժինը կազմել է 2,1 տոկոս:
«Գույք պարտքի դիմաց» պայմանագրով հայկական կողմը Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց նաև մինչև 2005-ը գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն:
2006-ին այն վաճառվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին՝ 248,8 մլն դոլարով: Արդյունքում էներգաբլոկի գույքը ձեռք է բերում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն (հետագայում՝ «Գազպրոմ Արմենիա»)՝ պարտավորվելով ավարտին հասցնել էներգաբլոկի շինարարությունը: 2013-ի դեկտեմբերին Հրազդան-5 կայանը հանձնվեց շահագործման:
ՀԱԷԿ
Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը (2023-ին՝ 32 տոկոսը) բաժին է ընկնում Մեծամորի ատոմակայանին։ Ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976-ին (1-ին էներգաբլոկը): 1980-ին շահագործվել է 2-րդ էներգաբլոկը։ 1989-ի փետրվարին և մարտին դադարեցվել է աշխատանքը։ 1995-ին վերաբացվել է 2-րդ էներգաբլոկը։ 1-ին էներգաբլոկը 1988-ի երկրաշարժից հետո մինչ այսօր չի շահագործվում։
2003-ից ատոմակայանը շահագործում էր ռուսական «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ԲԲԸ-ն՝ «գույք պարտքի դիմաց» պայմանագրի համաձայն։
2012-ին ընկերությունը դիմել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պայմանագրի վաղաժամկետ լուծման խնդրանքով, որից հետո կառավարումն անցել է «Ռոսատոմ» ընկերությանը: Ատոմակայանի միջուկային վառելիքը՝ ուրանը, ևս ներկրվում է Ռուսաստանից:
Նոր ատոմակայանի երկընտրանքը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան
Ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։
Ռուսական ռեակտորների հզորությունը մոտ 1000-1200 ՄՎտ է։ Հայաստանին, մինչդեռ, ավելի հարմար է նվազ հզորությամբ ատոմակայանը։
Ներկայում երկրի ամբողջ էներգետիկ պահանջարկը մոտ 1200 ՄՎտ է։ Եթե այդ հզորությամբ ատոմակայան կառուցվի, այն կծածկի ներքին ամբողջ պահանջարկը։ Իսկ դրա կանգնելը վտանգ կլինի տնտեսության և էներգետիկ համակարգի համար։
Ատոմակայանների ակտիվ շահագործման ժամկետը հիմնականում 60 տարի է։ Էներգետիկ ռազմավարական կենտրոնի տնօրեն և փորձագետ Վահան Սարգսյանը նշում է, որ պետք է հասկանալ, թե Հայաստանի տնտեսությունը և էներգետիկան որքանով են դրա պահանջը զգալու այդ ժամկետում։ Նրա խոսքով՝ նման հզորությամբ ռեակտորով ատոմակայանն ընդունելի կլինի, եթե ավելցուկային էլեկտրաէներգիան արտահանվի։
Հայաստանում վերջերս սկսել է քննարկվել նվազ հզորությամբ ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու հնարավորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում է մոդուլյար ատոմակայանի կառուցման հնարավորությունը և ընդգծեց, որ դա առավել անվտանգ է․ «Երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»։
Վահան Սարգսյանը նշում է, որ մոդուլային ատոմակայանների հիմնական խնդիրն այն է, որ աշխարհում դրանց շահագործման մեծ փորձ չկա, և ԱՄՆ-ն անընդհատ հետաձգում է դրանց կառուցման ժամկետը։
Նոր ատոմակայանի կառուցումը մեծապես քաղաքական հարց է։ Եթե ի վերջո ընտրությունը կանգ առնի ռուսական տարբերակի վրա, դա կնշանակի, որ Հայաստանը թե՛ տեխնոլոգիաների, թե՛ կառավարման և թե՛ հումքի մատակարարման առումներով ստիպված կլինի երկարաժամկետ ապավինել ռուսական կողմին և «Ռոսատոմ» պետական ձեռնարկությանը։
Իսկ եթե ընտրությունը կանգ առնի ամերիկյան կամ այլ տարբերակի վրա, դա կառաջացնի ռուսական հակազդեցություն։
APRI Armenia հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը նշում է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է նվազեցնել Հայաստանի կախումը Ռուսաստանից, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ առումով:
Նրա կարծիքով՝ հարցի մոտեցման մի քանի տարբերակ կա: Մեկով շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ, մյուսով՝ Հայաստանը գնում է բազմազանեցման, որը ենթադրում է նաև նույն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացում։ Եվ երրորդ տարբերակը, երբ որոշում ենք, որ պետք է դառնանք արևմտյան բևեռի մաս։
ՀԷՑ – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
ՀԷՑ-ը ձևավորվել է 2002-ին՝ փոքր ցանցային ձեռնարկությունների միավորման արդյունքում: Այն զբաղվում է Հայաստանում էներգիայի բաշխմամբ: 2002-ին կառավարությունը ՀԷՑ-ը վաճառեց Midland Resources Holding LTD ընկերությանը։
2006-ին էլ ՀԷՑ-ը վաճառվեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: 2015-ին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցեց «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը, որը Կիպրոսում գրանցված և Սամվել Կարապետյանի անվան հետ կապվող ընկերություն է: Նույն տարվա մեջ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԷՑ-ը ամբողջությամբ գնելու մասին:
2017-ից ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը (70 տոկոս) և «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը (30 տոկոս): Երկու ընկերությունների հետևում էլ Սամվել Կարապետյանն է։
Գազ
Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության ևս մեկ գործոն է այն, որ Հայաստանն իր բնական գազի մոտ 87 տոկոսը (2023-ին՝ 2,73 մլրդ խմ) ներկրում է Ռուսաստանից, և գազի ներքին բաշխումն ամբողջությամբ իրականացվում է ռուսական «Գազպրոմի» դստեր՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից։ Մնացած գազը ներկրվում է Իրանից, և էլեկտրաէներգիայի տեսքով վերադարձվում Իրան (1 խմ գազ = 3 կՎտժ բանաձևով):
Հատկանշական է, որ իրանական գազը ներկրվում է Իրան-Հայաստան գազատարով, որը ևս պատկանում է «Գազպրոմին»։ Իրանական Թավրիզից ձգվող և 140 կմ երկարությամբ խողովակաշարը շահագործման է հանձնվել 2007-ին։ Դրանով մատակարարվող իրանական գազն օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի և քիչ ծավալներով՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը գնում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի թողունակությունն օգտագործվում է 20 տոկոսով։
Էներգետիկ փորձագետ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աստղինե Պասոյանը նշում է, որ Իրանից եկող գազի ծավալներն ընդլայնելու սահմանափակումներ կան՝ պայմանավորված գազամուղի թողունակությամբ։ Պասոյանը նաև նշում է միջպետական՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրով առկա սահմանափակումները։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փետրվարի 12-ին ասել է, որ չի բացառում՝ Հայաստանի ու Իրանի միջև «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով ավելանան ծավալները։ Նրա խոսքով՝ իրավական-փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել են, կառուցվում են նաև էլեկտրահաղորդման նոր գծեր, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան։
էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղիներ
Տարածաշրջանային շուկա
Հայաստանում էներգետիկ համակարգի զարգացման, հավելյալ հզորություններ ստեղծելու համար շատ կարևոր են էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները և ենթակառուցվածքները։ 2022-ի տվյալներով՝ Հայաստանից դուրս մատակարարված էլեկտրաէներգիայի 76 տոկոսը գնացել է Իրան, 24 տոկոսը՝ Վրաստան (1,5 մլրդ կՎտժ)։ Թե՛ տոկոսային, թե՛ ծավալային առումով էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան եղել է ռեկորդային՝ ավելի շատ, քան նախորդ տասը տարում։ Ըստ Աստղինե Պասոյանի՝ սա պայմանավորված է նաև Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացմամբ։
Սակայն Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը սինքրոն չեն աշխատում, ինչի արդյունքում առևտրի սահմանափակումներ կան։
Ավելին, Վրաստանը էներգետիկ առումով մեծամասամբ ինքնաբավ է և գլխավորապես ապավինում է հիդրոէներգիային, որն ավելի էժան է։
Տարածաշրջանում ավելի լայն՝ քաղաքական խնդիրների լուծումը կարող է հնարավորություն ստեղծել էլեկտրաէներգիայի ավելի մեծ արտահանումների/փոխանակումների համար։
Այլընտրանքային էներգիա
Հայաստանի կառավարությունը նպատակ ունի մինչև 2030-ը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի (2022-ին այն եղել է 2,85 տոկոս, իսկ 2023-ին՝ 4,5 տոկոս)։ Աստղինե Պասոյանը սա համարում է իրատեսական։ Նա ասում է, որ Հայաստանը Եգիպտոսի հետ համադրելի արևային ռեսուրս ունի։
«Այդ ներուժը մեր մասնավոր սեկտորը շատ լավ հասկացել է, դրա համար էլ այդքան ծավալով ներդրումներ են տեղի ունենում՝ սկսած ինքնավար համակարգերից, որ մարդիկ կառուցում են սեփական կարիքների համար, մինչև փոքր ու միջին ձեռնարկություններ»,- նշում է նա։
Խնդիրը, սակայն, արևային էներգիայի՝ քսանչորսժամյա ռեժիմում հասանելիության և կուտակիչ կայանների բացակայությունն է։
«Հայաստանը ներկայում հետազոտության փուլում է։ Սա ևս բիզնեսի ձև է։ Պետք է լինի շահույթ, այլապես այս շուկան չի զարգանա»,- շեշտում է Պասոյանը։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում
2022-ին Հայաստանում մեկնարկեց էլեկտրաէնեգիայի շուկայի ազատականացման գործընթաց։ Մինչև ազատականացումը գործում էր մեկ սխեմա՝ ՀԷՑ-ն արտադրողներից գնում էր էլեկտրաէներգիան և վաճառում/բաշխում սպառողներին։ Շուկայի ազատականացումը ենթադրում է, որ դաշտում գործող արտադրողներն ու մատակարարները կարող են սպառողներին էլեկտրաէներգիա վաճառել համատեղ պայմանավորվածությամբ, որի պարագայում ՀԷՑ-ը հանդես կգա որպես բաշխող, ոչ թե վաճառող։
Տե՛ս՝ Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացել է․ ինչ պետք է իմանալ
Այնուամենայնիվ, Պասոյանի կարծիքով, շուկայի ազատականացումը էներգետիկ անկախության տեսանկյունից շատ բան չի փոխի, «չնայած ազատականցումը կարող է խթանել արևային կայանների կառուցումը, ինչը ինչ-որ չափով կնվազեցնի ներմուծվող վառելիքից կախվածությունը»։
Հողմային էներգիա
Հայաստանում հողմային էներգիան մեծ ներուժ չունի։ Ըստ եվրոպական ստանդարտների՝ հողմային կայաններ կառուցվում են մինչև 1 300 մ բարձրություններում։ Հայաստանում այդ բարձրությունում քամիները քիչ են։ Այս ոլորոտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացումը արդյունավետ չի կարող լինել։
2023-ին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հողմային էներգիայի մասնաբաժինը կազմել է ընդամենը 0,02 տոկոս:
Էներգախնայողություն
Էներգախնայողությունը գործողություն է, որն ուղղված է էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը։ Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով՝ էներգախնայողության միջոցով Հայաստանը կարող է խնայել տարեկան 600 մլն խմ բնական գազ։ Համեմատության համար՝ դա 2023-ին ներմուծված բնական գազի մոտ 22 տոկոսն է։
«Էներգախնայողությունը ամենամաքուր, էժան, հասանելի ազգային ռեսուրսն է։ Ցանկացած 1 կՎտ, որ մենք չենք սպառում, խնայում է 5 կՎտ, որը պիտի արտադրեր կայանը, այսինքն՝ 1 կՎտ խնայելը հինգ անգամ էժան է, քան արտադրելը։ Էներգախնայողությունը մեր երկրի իրական հարստությունն է, որն ամենաանտեսված ռեսուրսն է»։
Պետությունը չունի բազմաբնակարան շենքերը ջերմամեկուսացնելու պարտավորություն։ Դա բնակիչների տիրույթում է։ Սակայն վերջին տարիներին փորձում է խթանել ոլորտը, համաֆինանսավորում այս ոլորտում ներդրումները։
Պասոյանը նշում է նաև, որ բազմաբնակարան և հանրային բոլոր շենքերը ջերմամեկուսացնելու դեպքում Հայաստանում գազի սպառումը կկրճատվի 36,2 տոկոսով։
Սա կնշանակի նաև ռուսական գազի ներմուծման ծավալների կրճատում, ինչը կանդրադառնա ներմուծվող գազի գնի վրա։
Հայաստանը Բելառուսից հետո Ռուսաստանից ամենացածր գնով ռուսական գազ ներկրող երկիրն է՝ 1000 խմ-ն մոտ 170 դոլարով։ Սա Հայաստանի ընդհանուր տնտեսության ու մրցունակության վրա մեծ ազդեցություն ունի։
Ըստ Պասոյանի, սակայն, Հայաստանում վաճառվող գազի գինը չպիտի հաշվարկվի «ինքնարժեք + բաշխման, սպասարկման ծախսեր սխեմայով», այլ դրան պետք է գումարվի էներգետիկ անվտանգության մարժա։ Սա թույլ կտա գազի մրցունակությունը տեղական շուկայում իջեցնել և փոխարենը տեղական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների արտադրությանը բարձրացնել։