Ռուսաստանի գլխավոր մարդասպա՞նը, թե՞ գլխավոր բարերարը

Նկարազարդումը՝ Թամար Շվելիձեի/OC Media

Ելիզավետա Չուխարովա, OC Media

Տվեք Ասլան «Ջակո» Գագիևի անունը, և հարավօսական հանցախմբի ղեկավարի մասին պատմությունները խիստ կտարբերվեն միմյանցից՝ մարդասպան, բարերար, սկզբունքային ավազակ կամ գաղտնի ծառայությունների մարդասպան: Եվ չնայած բոլոր այն սպանություններին, որ նա գործել է, ոմանք, ներառյալ անձամբ Գագիևը, պնդում են, որ իր բոլոր հանցագործությունները կատարվել են հանուն համընդհանուր բարօրության:

Մարդը, որը գտնվում է «ակվարիումում»,- փոքրիկ վանդակ՝ պատված զրահապատ ապակիներով, որտեղ կանգնած է մեղադրյալը,- ժպտում է և կատակում։ Դատական ​​նիստերի ընդմիջումների ժամանակ նա զրուցում է դատարանի դահլիճում գտնվողների հետ։ Նա լրագրողներին անուն-ազգանունով է ճանաչում. եթե ​​նրանց մեջ նոր մարդ է հայտնվում, նա կանչում է նրան և ծանոթանում։ Նրա անունը Ասլան Գագիև է։ Նա «Ռուսաստանի գլխավոր մարդասպանն է»:

2023-ի սեպտեմբերին Դոնի Ռոստովի ռազմական դատարանը Գագիևին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ստեղծելու և ղեկավարելու համար հանցախումբ, որը սպանել է առնվազն 60 մարդու, այդ թվում՝ քաղաքական գործիչների, գործարարների և իրավապահների։ Դատարանը Գագիևին մեղավոր է ճանաչել վեց մարդու սպանությանն անմիջական մասնակցություն ունենալու մեջ։ Գագիևի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը ՌԴ Գերագույն դատարանում։

Հանցախմբի նախկին ղեկավարի դատավճռի հրապարակման օրը դատական նիստին մասնակցում էին նրա մոտ 30 ընկեր և բարեկամ։ Նրանց թվում կային նրա շատ երեխաներ, որոնց մեծ մասը Գագիևի արտամուսնական կապերից են ծնվել։ Գագիևը դատարանում պնդել է, որ ընդհանուր առմամբ 21 երեխա ունի։

«Ինչ էլ որ լինի, դուք մնում եք իմ զավակները, լսե՛ք ձեր մորն ու տատիկին, լա՛վ սովորեք և սպորտո՛վ զբաղվեք»,- դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է Գագիևը։

Սակայն չնայած դատապարտվելուն՝ նրա ժառանգությունը մնում է վիճելի: Նրա կողմնակիցները շարունակում են պնդել, որ Գագիևը բարեսիրտ գործիչ էր, որն ավելի շատ լավ արարքներ է գործել, քան վատ՝ ասես հարավօս Ռոբին Հուդը լինի:

«Մարդը, որին սպանել եմ, սրիկա էր»

Գագիևը լեգենդար համբավ ունի թե՛ իր հայրենի Հարավային Օսիայում, թե՛ Ռուսաստանում։ Նրա համբավը մասամբ կապված է իշխանության հետ իր ակնհայտ կապերի հետ,- իր ավազակախմբի կողմից քաղաքական գործիչների, գործարարների և ոստիկանների սպանությունների,- և մասամբ՝ ինքն իրեն գովազդելու հակվածության հետ:

Շատերը Գագիևին ճանաչում են «Ջակո» անունով, որը վերցված է վրացի գրող Միխայիլ Ջավախիշվիլիի վեպից։ Նրա «Խիզանի Ջակո» (թրգմ․ – Ջակոյի կողմից ունեզրկվածները) վեպի գլխավոր հերոսը օս գյուղացի է, որը վրացի միամիտ ազնվականին զրկում է ողջ ունեցվածքից, հողից և վերջապես կնոջից: Ինքը՝ Գագիևը, պնդել է, որ ոստիկանությունն է իր համար այդ մականունը հորինել, որպեսզի իրենց որպես «հանցագործ» ներկայացնի:

Գագիևը ծնվել է Հարավային Օսիայում և կապեր է պահպանել ինչպես Հյուսիսային Օսիայի Ռուսական Հանրապետության, այնպես էլ իր ծննդավայրի հետ, մինչդեռ իր կյանքի մեծ մասն անցկացրել է Մոսկվայում և Վիեննայում:

Հաղորդվում է, որ նրա մասնակցությամբ բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Օսիայում: Գագիևը պնդել է, որ 2008-ին մասնակցել է Վրաստանի դեմ Ռուսաստանի հնգօրյա պատերազմին և 2004-ին օգնել է Բեսլանի դպրոցի պաշարումից պատանդների փրկել։ Նրա հանցախմբի անդամները մեղավոր են ճանաչվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահների, այդ թվում՝ Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալի Կարաևի և Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Կազբեկ Պագիևի սպանության մեջ։

Ենթադրվում էր, որ իր զարգացման գագաթնակետին եղած ժամանակ նրա ավազակախմբում ընդգրկված էր մոտ 60 մարդ, որոնց մեծ մասն այժմ երկարաժամկետ պատիժ է կրում:

Բայց ինքը՝ Գագիևը, խոստովանել է միայն մեկ մարդու՝ Հյուսիսային Օսիայի և Ալանիայի փոխվարչապետ Կազբեկ Պագիևի սպանությունը։

Նա պնդել է, որ 2008-ի սպանությունը պատվիրել են ռուս պատգամավոր Զուրաբ Մակիև Գայոզովիչը և «նրա հանցակիցները»՝ Սերգեյ Տակոևը, որն ստանձնել է Պագիևի պաշտոնը, և Հյուսիսային Օսիայից քաղաքական գործիչ Ալեքսանդր Տոտոնովը։

«Բայց ես նրանց դեմ ոչինչ չունեմ։ Դա նրանց կյանքն է, իսկ [Պագիևը] սրիկա է,- հավելել է Գագիևը,- Դրա համար ես բացատրում եմ, որ [Մակիևը] պատվիրել է այս սպանությունը, և դա արվել է հանուն նրա և նրա խնդրանքով»։

Մակիևը, սակայն, հերքել է, թե ճանաչում է Գագիևին, իսկ քննիչները չեն կարողացել հաստատել Գագիևի պնդումները։

Հարավային Օսիայի «մեծ եղբայրը»

Գագիևի հանցախումբը սպանել է տարբեր մեթոդներով, ինչպես պարզվել է դրա անդամների դատավարության ժամանակ։ Երբեմն իրենց զոհերին նրանք գնդակահարել են, ինչպես Պագիևի և Կարաևի դեպքում, երբեմն՝ խեղդել պոլիէթիլենային տոպրակով, ինչպես նույն ավազակախմբի որոշ նախկին անդամների դեպքում, երբեմն էլ տանջամահ անելով են սպանել, ինչպես մոսկվացի գործարար Օլեգ Նովոսելսկու դեպքում։

Սակայն չնայած նման ծանր հանցագործություններում իր մասնակցությանը՝ Գագիևին հաջողվել է մարտաֆիլմերի հերոսի համբավ ձեռք բերել՝ հիասթափեցնելով նրանց, ովքեր նրան զզվելի, դաժան հանցագործ են համարում:

Մասամբ դա կարելի է վերագրել նրա խարիզմային: Նույնիսկ մինչ օրս, երբ նա հայտնվում է դատարանում, նրա ժպիտի և շրջապատի հետ հանգիստ շփման պատճառով լրագրողները երբեմն նրա խոսքերն ընկալում են որպես պարզ ճշմարտություն՝ հրաժարվելով իրենց ստանդարտ թերահավատությունից:

Նրա հանցախմբից շատերը դատարանում ասել են, թե վստահ են եղել, որ աշխատել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) համար, քանի որ նրանցից պահանջվում էր վերացնել միայն «վատ» մարդկանց, որոնք ներգրավված են եղել այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են կոռուպցիան և առևանգումը:

Օրինակ՝ Գագիևը ենթադրել է, որ Թայմուրազ Կաձաևի, Վիտալի Լալիևի և եղբայրներ Ալան և Ասլան Տորչինովների մահը, ինչում ինքը հերքում է իր մասնակցությունը, կապված է եղել «երեխաներ առևանգելու» նրանց արարքների հետ։

«Իմ լսածի հիման վրա ինձ պետք է պարգևատրել օս ժողովրդին երեխա առևանգողներից փրկելու համար, բայց նրանք ցանկանում են ինձ ցմահ ազատազրկել»,- ասել է Գագիևը։

Այնուամենայնիվ, ոմանք ենթադրում են, որ Գագիևը Տորչինովներին սպանել է ֆինանսական վեճի պատճառով:

Նրա հանցախմբի անդամները դատարանում հայտարարել են նաև, որ իրենց մասին լավ էին հոգ տանում, գումար տալուց բացի, հոգում էին բնակվարձի և սննդի հարցերը։ Նրանք իրենց հանցախումբը «ընտանիք» էին կոչում, միմյանց՝ «եղբայր», իսկ Գագիևին՝ իրենց «մեծ եղբայր», անուն, որով նա հայտնի է դարձել Հարավային Օսիայում։

Կապեր Պուտինի, մաֆիայի և մեծ քաղաքականության հետ

Մինչ օրս պարզ չէ, թե ի սկզբանե որտեղից է Ջակոն ստացել իր գումարը, բայց նրա հանցախմբի սպանությունների գլխավոր հովանավորը շուտով դառնում է դաշնային բյուջեն. բաց տվյալների բազաները ցույց են տալիս, որ Գագիևն իրականում 2008-ին ղեկավարում էր պետական «Ֆինանսական լիզինգային ընկերություն»-ը։

Իսկ Գագիևը պնդում է, որ հովանավորներ է ունեցել Ռուսաստանի ղեկավարության բարձրագույն օղակներում:

2023-ի սեպտեմբերին iStories-ին տված հարցազրույցում Գագիևն ասել է, որ 1990-ականների սկզբին աշխատել է Ռոման Ցեպովի համար, որն այն ժամանակ համարվում էր Սանկտ Պետերբուրգի գլխավոր քրեական հեղինակություններից մեկը:

Հայտնի է, որ Ցեպովի «Բալթիկ-Էսկորտ» ընկերությունն անվտանգության ծառայություններ է մատուցել Վլադիմիր Պուտինին, որն այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետն էր։ Նույն ընկերությունում է աշխատել նաև Վիկտոր Զոլոտովը՝ այժմ Ռուսաստանի Ազգային գվարդիայի՝ Ռոսգվարդիայի ղեկավարը։ Դատարանում հարցաքննության ժամանակ Գագիևը բազմիցս հիշատակել Զոլոտովի անունը՝ մասնավորապես պնդելով, որ «Վիտյայի միջոցով» է նա ամեն ամիս փող փոխանցել Պուտինին։

Այնուամենայնիվ, թեև այս ամենը կարելի է վերագրել Գագիևի երևակայությանը՝ հիմնավորված են Գագիևի կապերը Իլյա Տրաբերի հետ, որը հայտնի է որպես Տամբովի կազմակերպված հանցավոր խմբի «տնտեսագետ» և Պուտինի մտերիմ ընկեր։

Գագիևի բիզնես ձեռնարկությունները ներառում էին 25% բաժնետոմս Արևելյան Գերմանիայում գտնվող նավաշինարաններում՝ Սերգեյ Մորոզովի անվան տակ, ինքնություն, որը Գագիևը հաճախ է օգտագործել և այդ անուն-ազգանունով ունի անձնագիր, որն իր մոտ է եղել, երբ Ավստրիայի իշխանությունները ձերբակալել են նրան:

Նավաշինարաններում նա ներգրավված է եղել Ռուսաստանում գործող և համատեղ ձեռնարկություն հանդիսացող մի նավաշինարանի միջոցով, որը, ըստ տեղեկությունների, վերահսկվում էր Տրաբերի կողմից՝ Վլադիմիր Պուտինի անձնական շահերից ելնելով:

Գագիևը նաև պնդում է, որ ուղղակիորեն ներգրավված է եղել Հարավային Օսիայի քաղաքական կյանքում՝ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարելով, որ 2017-ին օգնել է Անատոլի Բիբիլովին, որպեսզի վերջինս հաղթի նախագահական ընտրություններում։ Հարավային Օսիայի նախագահի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալներից մեկը հայտարարել է, որ Գագիևը «Մոսկվայից ազդեցիկ ընկերների էր ներգրավել» այդ ժամանակ:

Գագիևն ավելի ուշ ասել է, որ զղջում է դրա համար:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել նման հիմարի իշխանության բերելու համար։ Այս գործող նախագահի, այս «Չեբուրաշկայի» ականջներից բռնեցի ու նստեցրի այդ աթոռին՝ վստահ լինելով, որ պարկեշտ մարդ է։ Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ժողովրդից դրա համար, նա կատարյալ սրիկա է»,- ասել է Գագիևը։

Մի շարք մարդիկ, որոնք աշխատել են Բիբիլովի նախընտրական շտաբում, OC Media-ին հաստատել են, որ իրենք օգնության խնդրանքով իսկապես դիմել են Ասլան Գագիևին՝ որպես Հարավային Օսիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:

«Այն ժամանակ պարզ էր, որ Բիբիլովը չի կարող հաղթել ընտրություններում, և անհրաժեշտ էր օգնություն, մեզ պետք էր մեկը, ով դրսից կազդեր իրավիճակի վրա,- ասել է շտաբի նախկին աշխատակիցներից մեկը,- Գագիևը մինչ այդ ծանոթ չէր նրա հետ»։ Շտաբի աշխատակիցները հավելել են, որ Գագիևը երկար ժամանակ տատանվում էր, սակայն ի վերջո որոշել է օգնել։

Գագիևի հայտարարությունից անմիջապես հետո Բիբիլովի մամուլի ծառայությունը հերքել է, թե որևէ կապ է ունեցել նրա հետ։

«Ակնհայտ է, որ Գագիևը, որին ցմահ ազատազրկում է սպառնում բազմաթիվ ծանր հանցագործությունների մեղադրանքով, փորձում է գրավել լրատվամիջոցների և հասարակության ուշադրությունը»,- ասել է Բիբիլովի մամուլի խոսնակը։

«Ազատություն Գագիևին»

Երբ Գագիևն սկսեց խնդիրներ ունենալ Ռուսաստանում,- 2012-ին հանցախմբի մի շարք անդամներ ձերբակալվեցին և ցուցմունք տվեցին նրա դեմ,- նա լքեց երկիրը՝ տեղափոխվելով Վիեննա։

«Ինձ Ռուսաստանից դուրս է բերել ԱԴԾ իններորդ վարչության ղեկավարը,- հղում անելով ԱԴԾ ներքին անվտանգության վարչությանը՝ սպանության մեղադրանքով իրեն ձերբակալելու վերաբերյալ Ինտերպոլի օրդերի առնչությամբ Գագիևն ասել է Ավստրիայի դատարանում տված ցուցմունքում։ «Նա ասաց, որ ոչինչ չի կարող անել ինձ օգնելու համար: Նա ասաց՝ «լուծում կա»։ Ինձ 10,000 դոլար տվեց և որոշեց, որ դա ինձ օգնելու միակ միջոցն է»։

Գագիևը փորձել է խուսափել Ավստրիայից արտաքսվելուց, քանզի այդ պարագայում գրեթե երաշխավորված էր, որ Ռուսաստանում նրան ցմահ ազատազրկում էր սպասում։ Նա տարբեր փորձեր է արել դրանից խուսափելու համար՝ սկսած հայտարարելուց, որ ինքն այնքան է վախենում ինքնաթիռով թռչելուց, որ չի դիմանա դեպի Ռուսաստան թռիչքին, մինչև «Ազատություն Գագիևին» քարոզարշավը նախաձեռնելը․ դրա շրջանակում հրապարակվում էին նրան գովաբանող կարճ տեսանյութեր, որոնք տարածվել էին Հյուսիսային և Հարավային Օսիայում։

Գագիևին չարտաքսելու խնդրանքով Ավստրիայի իշխանություններին դիմածների թվում էր Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի Հրեշտակների քաղաք գերեզմանատան ղեկավարը, հանգուցյալ Կասպոլատ Ռամոնովը։ Նա պնդել է, որ գերեզմանատունը կառուցվել է Ասլան Գագիևի միջոցներով։

«Ասլանը շատ բարի մարդ է։ Դպրոցում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա երեխաներին և կանանց ուղարկել է բուժման, ֆինանսավորել է այս ամենը»,- 2017-ին ասել է Ռամոնովը, ում դուստրը ևս սպանվել էր հարձակման հետևանքով։

«2004-ին Ասլանը գումար ուղարկեց Հրեշտակների քաղաքը կառուցելու համար, որտեղ թաղված էին ահաբեկչության զոհերը։ [Նա ուղարկեց] 2,5 միլիոն դոլար, որը թալանվեց, քանի որ մեզ մոտ կոռուպցիան այսպիսի մակարդակի է»,- ասել է նա։

Կասպոլատ Ռամոնովը մեծ հարգանք է վայելում Հյուսիսային Օսիայում։ OC Media-ն զրուցել է Բեսլանի իրադարձության պատանդներից վեցի հետ, որոնցից մեկն ասել է, որ «նման մարդը երբեք չի ստի»: Սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել հաստատել, որ գերեզմանատունը կառուցվել է Գագիևի միջոցներով, ոչ էլ որևէ մեկը կարողացել է հիշել, թե ինչ օգնություն է նա ցուցաբերել պատանդներին այդ ահաբեկչությունից հետո։

Գագիևի կողմնակիցները նաև պնդում են, որ նրա փոխանցած գումարը «գողացել են պաշտոնյաները»։ Դա ակտիվորեն հերքում են Բեսլանի մայրերի հանձնաժողովի ներկայացուցիչները, կառույց, որը 19 տարի շարունակ զբաղվում է Բեսլանի նախկին պատանդներին օգնելով:

«Եթե դա իրականություն լիներ, ապա տեղեկությունը, որ այդ գումարը տուժողներին չի հասել, ավելի վաղ կհայտնվեր, այլ ոչ թե Գագիևի արտահանձնման նախօրեին։ Բայց դա միայն հիմա է հայտնվել,- ասել է հանձնաժողովի համանախագահ Անետա Գադիևան,- Մեր կարծիքով՝ մարդիկ ուղղակի զազրելի կերպով օգտագործում են մեր վիշտը՝ կանխելու մի մարդու պատիժը, որը, ըստ հետաքննության, մեղավոր է հսկայական քանակի հանցագործությունների մեջ»։

Նա նաև հերքել է Գագիևի պնդումները, թե մասնակցել է Բեսլանի դպրոցի պատանդներին փրկելու գործողությանը։

«Նրան ոչ ոք չի տեսել նաև պատանդների փրկելու ժամանակ։ Եթե նա իսկապես մասնակցեր փրկարարական աշխատանքներին, ապա իր մանիպուլյատիվ հմտություններով կապահովեր իր խոսքերի հաստատումը։ Բայց ոչ ոք չի տեսել, որ նա փրկում էր [մարդկանց]։ Եվ այդպիսի կոլորիտային կերպարին հաստատ ինչ-որ մեկը կնկատեր»,- պնդել է Գադիևան։

Մյուսները, սակայն, հաստատել են, որ Գագիևն օգնել է իրենց կամ իրենց ընտանիքներին։ Սոսլան Ջիոև անունով մի տղամարդ հայտարարել է, որ Գագիևն օգնել է իր մորը, երբ վերջինս ծանր հիվանդ է եղել։

«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել, ես անձամբ չեմ ճանաչում նրան,- OC Media-ին ասել է Ջիոևը,- «Մենք ընդհանուր ծանոթներ ունեինք, և նրանք են խնդրել դա։ Ես այդ գումարը նույնիսկ չեմ տեսել։ Ես միայն հետո իմացա, որ այդ գումարը տրամադրել է Գագիևը։ Այն ժամանակ մայրիկի համար շատ թանկ դեղամիջոց էին գնել: Անգամ եթե Գագիևը սպանել է մեկին, նա այնքան շատ մարդու կյանք է փրկել, որ վաղուց քավել է իր բոլոր մեղքերը»։

«Հանգի՛ստ թողեք նրան, թողե՛ք մարդը հանգիստ ապրի»,- հավելել է նա։

Իսկ Ջիոևն այս հարցում ամենևին էլ միայնակ չէ։ Համացանցում կարելի է գտնել հարյուրավոր մեկնաբանություններ, որոնք աջակցություն են հայտնում Գագիևին։ Ոմանք նրան անվանում են Ռոբին Հուդ՝ նշելով, որ նա միշտ հանդես է եկել հանուն արդարության և միշտ աջակցել է Հյուսիսային և Հարավային Օսիային։

Սակայն կան նաև նույնքան մարդիկ, որոնք կարծում են, որ նույնիսկ ցմահ ազատազրկումը չափազանց մեղմ պատիժ է նրա համար։

«Ես Աստված կամ նույնիսկ պատմուճանով դատավոր չեմ, որ ասեմ՝ նրա պատիժն արդար էր, թե ոչ»,- ասել է Ասլան Գագիևի հանցախմբի ենթադրյալ զոհերից մեկի որդին, որը խնդրել է չնշել իր անունը։ Հոր սպանության ժամանակ նա երեխա է եղել։

«Հայրս ազնիվ մարդ էր, և երբ հիմա ասում են, թե իբր Գագիևը սպանել է միայն վատ մարդկանց, ես ուզում եմ բոլորին ասել՝ ահա, թեկուզ մեկ մարդ, որը լավն էր, և նա հիմա մահացած է,- ասել է նա,- Կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի»։

Մեկնաբանել